ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փորձ է արվում կոծկել ապօրինի շինարարությունը

ՀՀ բնապահպանության նախարարությունը վարչապետի հատուկ հրահանգը ստանալուց հետո հայտարարել է Սևանա լճի անվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Խմբում ներգրավված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Սևանա լճի ջրահավաք ավազանում կառուցել է վերամշակման արտադրամաս, որով խախտել է մի շարք օրենքներ' մասնավորապես «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին արդեն 8 ամիս է ահազանգում են բնապահպանները և հասարակական կազմակերպությունները:
Բնապահպանները համոզված են, որ այս աշխատանքային խմբի ստեղծումը լուծում չէ, քանի որ տեսչական ստուգումների փոխարեն գործի մեջ է ընդգրկվում նախարարություն, որը տեսչական գործառույթներ չունի ոչ իր գործունեությամբ, ոչ առաքելությամբ և կանոնադրությամբ, չունի համապատասխան գիտելիքներ և համապատասխան մասնագետներ, բնապահպանական օրենսդրության պահպանման իրավասու մարմին չէ:
«Երեք անգամ լուրջ ահազանգ է եղել, բայց այդ ընթացքում ոչ մի անգամ բնապահպանության տեսչությունը չի գնացել, չի զննել տեղանքը ու ակտ չի կայացրել այդ անօրինականությունը կանխելու համար: Իսկ հիմա ինչ-որ խումբ են կազմում, որտեղ ներգրավված է նախարարություն, որը չունի բնապահպանական գործառույթներ, որ տեսչությունից էլ ստուգումների չգնան ու վերջ»,- www.hra.am -ին մանրամասնեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա համոզված է, որ փորձ է արվում կոծկել անօրինական շինարարությունը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am