Վճիռ Գ. Կոծինյանի մահվան գործով. դատարանի որոշումից գոհ են մասամբ

Ժամկետային զինծառայող Գևորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվող զինծառայողների մեղքն արդեն ապացուցված է համարվում դատարանի կողմից: 

Դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտում (նախագահող դատավոր՝ Լեռնիկ Աթանյան), կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին դատապարտել է 11 տարի 6 ամիս, շարքայիններ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին՝ 11 տարի, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին 3 տարի ժամանակով ազատազրկում։  Արմեն Ռաֆայելյանն ազատվել է պատժի կիրառումից. կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է, որը կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի հետևանք է:

Դեպքի առնչությամբ փետրվարի 8-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը), ինչպես նաև 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):

Սուվարյանին և Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ երկու հոդվածներով, իսկ Դավթյանին և ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին՝ ոչ միայն վերոնշյալ արարքներին օժանադակելու, այլ նաև իշխանազանցության համար (ՀՀ Քր.օր. 375-րդ հոդվածի 1-ին մաս):

Գևորգ Կոծինյանի իրավահաջորդ Բորիս Ադամյանը մտադիր է դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատարանում իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանը նշում է, որ իրենք մասամբ են գոհ դատարանի որոշումից:

«Բողոքարկելու ենք դատավճիռը բայց ոչ թե պատժի, այլ բարոյական վնասի փոխհատուցման մասով, ինչպես նաև բողոքարկելու ենք այն մասով, որ դատարանը գնահատական տա այն հանգամանքին, որ կոնկրետ ճանաչի Կոծինյանի կյանքի իրավունքի խախտումը»,- www.hra.am -ին հաղորդեց Մարուքյանը:

Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ Հայաստանում չկա, ու այս քայլը փաստաբանի կողմից գիտակցաբար է արվում՝ որպես ռազմավարական դատավարության նախաձեռնության շարունակություն:

Փաստաբանը փորձելու է այս հարցն ազգային դատարաններում բարձրացնել, շարունակել ռազմավարական դատավարություն իրականացնել և հասցնել նման գործերն այլ ատյաններ՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am