ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ArmNet awards 2011. հայկական կայքերի մրցանակաբաշխություն

Համացանցում հայկական արտադրանքի զարգացումը խթանելու համար, արդեն երկրորդ տարին է անցկացվում է ArmNet մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցել է մոտ 600 կայք։ Ժյուրիի անդամները լավագույններ են ընտրել հետևյալ անվանակարգերում՝ դիզայն և հարմարավետություն, նորարարություն, առաջընթաց, տեխնիկական կատարում, բովանդակություն։ Յուրաքանչյուր անվանակարգում նախ ընտրվել են լավագույն չորս կայքերը, որոնցից էլ կատարվել է վերջնական ընտրությունը։
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ArmNet մրցանակաբախությունը։Լավագույն դիզայն և հարմարավետություն անվանակարգում հաղթեց Հայկական ժառանգությունը՝ www.armenianmonuments.org, որտեղ հնարավոր է բացահայտել Հայաստանի հուշարձաններն առցանց։
Yerevanguide.am-ը հաղթող ճանաչվեց լավագույն տեխնիկական կատարում անվանակարգում։ Տարվա նորարարություն մրցանակը տրվեց Annoisy.org-ին։ Իսկ 2011թ. առաջընթաց անվանակարգում լավագույն համարվեց parliamentmonitoring.am-ը։
Լավագույն բովանդակություն անվանակարգում առաջադրված չորս կայքերն էին՝ բնապահպանական-տեղեկատվական ecolur.org կայքը, համացանցային բանահյուսության հավաքածու chtesutyun.arnet.am-ը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու խախտումներին վերաբերող hra.am-ը և genocide-museum.am-ը։ Հաղթող ճանաչվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը՝ genocide-museum.am-ը։
Կայացել է նաև ժողովրդական ընտրություն՝ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով։ Այս անվանակարգում ժողովուրդն ընտրել էր տեղեկատվական newsinfo.am կայքը։
ArmNet awards 2011-ի գլխավոր մրցանակին արժանացավ parliamentmonitoring.am կայքը, որի նպատակն է լինել այլընտրանքային աղբյուր Ազգային ժողովի գործունեության մասին տեղեկատվությամբ։ Կայքը հետևում է խորհրդարանի աշխատանքին, ներկայացնում խորհրդարանի գործունեության ընդհանուր պատկերը՝ցույց տալով, թե ինչպես են ԱԺ խմբակցություններն ու պատգամավորներն օգտագործում օրենսդիրի իրենց մանդատը:
Մրցանակաբաշխության գործընկեր Orange օպերատորը սահմանել էր լավագույն մոբայլ կայք մրցանակը, որն այս տարի բաժին հասավ լրատվական «Լրագիր» կայքի բջջային տարբերակին՝ m.lragir.am:
Ժյուրին կարևորեց ևս երկու կայքի գոյությունը հայկական համացանցում, նրանց արժանացնելով հատուկ մրցանակի՝ granish.org (հայ գրականությանն ուղղված) և publicdata.am (փորձ՝ ներկայացնելու պետական բյուջեի ծախսերը)։
Աղբյուրը՝ www.hra.am