Աշխատանքային տոնավաճառ. թափուր աշխատատեղեր առանց սահմանափակումների՞

Դեկտեմբերի 2–ին աշխատանքային տոնավաճառում շուրջ 30 կազմակերպություններ աշխատանք էին առաջարկում։ Աշխատաշուկան հիմնականում սպասարկման ոլորտի մասնագետների կարիք ունի. թափուր են բանկերի, հյուրանոցների, ապահովագրական ծառայությունների աշխատատեղերը։

Աշխատանքային տոնավաճառի նպատակն էր բարենպաստ միջավայր ստեղծել աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցում էին 30 կազմակերպություններ, դրանց թվում՝ Ամերիա բանկը, Արմնյուսը, Հայաստանի կենտրոնական բանկը, Դիմ Քոմյունիքեյշնսը և այլն (ցուցակն ամբողջությամբ` այստեղ): Բացի աշխատանքի առաջարկներից կային նաև արտադրական պրակտիկայի, ինչպես նաև՝ արտասահմանում ուսանելու առաջարկ–հնարավորություններ:

Մինչ տոնավաճառի սկիզբը տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում ներկայացվեցին հայաստանյան աշխատաշուկայի յուրահատկություններն ու հնարավորությունները։ Աշխատանքային տոնավաճառը նախաձեռնել էին «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և Այռեքսը Հայաստանում՝ ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ։

www.hra.am–ը փորձեց պարզել՝ տոնավաճառին մասնակից կազմակերպությունները պատրա՞ստ են ունենալ հաշմանդամ աշխատակիցներ և որքանո՞վ է այսօրվա գործատուի աշխատավայրն ապահովում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունը։

Հարցված կազմակերպություններից գրեթե բոլորը միաբերան նշեցին, որ իրենց մոտ թեև հարմար շենքային պայմանները բացակայում են, այնուամենայնիվ, նրանք խտրական վերաբերմունք չեն ցուցաբերում և առաջարկվող աշխատանքների համար պատրաստ են դիտարկել նաև հաշմանդամ մարդկանց թեկնածությունը:

«Մեզ մոտ ուղղորդվում ենք «դիսկրիմինացիա ոչ մի պարագայում» սկզբունքով, ուստի հաշմանդամություն ունեցող անձանց թեկնածությունը նույնպես դիտարկվում է թափուր աշխատատեղերի համար: Բայց, ցավոք սրտի, սահմանափակ քանակով աշխատատեղեր կան, ուր կարող են հաշմանդամները ներգրավել: Թեև շատ բան կախված է նաև հաշմանդամության տեսակից: Այնուամենայնիվ, խտրականությունը բացառում ենք և ունեցել ենք թեկնածուներ, որոնք ունեցել են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, սակայն դա չի եղել նրանց աշխատանքի չընդունելու պատճառը», - նշեց Պրոկրեդիտ բանկի անձնակազմի ընտրության բաժնի ղեկավար Մարիամ Համբարձումյանը:

«Դիմ Քոմյունիքեյշնս» կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ իրենց մոտ ևս խտրականության հարց չկա, «սակայն մեր գործի բնույթն այնպիսին է, որ յուրաքանչյուր վայրկյան աշխատակիցները պիտի շարժման մեջ լինեն, իսկ տեղաշարժվելու խնդիրներ ունեցող անձանց համար նման աշխատանքն այնքան էլ նպատակահարմար չէ»:

Այռեքսի հայաստանյան գրասենյակն առաջարկում էր կրթական ծրագրեր բոլորի համար. «Մեզ մոտ ոչ թե պարզապես չի խոչընդոտվում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց ներգրավումը, այլև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ներգրավումը ամեն կերպ խրախուսվում է»,– նշեց Այռեքսի հայաստանյան գրասենյակի կրթական բաժնի ծրագրերի օգնական Արիադնա Գրիգորյանը:

Պետական կառույցներից տոնավաճառին մասնակցում էր միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, որը թեև թափուր աշխատատեղեր չէր առաջարկում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց, այնուամենայնիվ, ծրագրում է նրանց ներգրավվածություն` նախարարության ծրագրերում. «Հաջորդ տարվա համար որպես գերակա խնդիր է առաջադրված սպորտային միջոցառումներում նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ներգրավածության խրախուսումը, որպեսզի նրանք ևս կարողանան մասնակցել մրցույթներում և մրցանակային տեղեր զբաղեցնեն»,– ասաց նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռաշիդ Գալստյանը:

Տոնավաճառի կազմակերպիչները նշեցին, որ սպասվածից գրեթե եռակի անգամ շատ մարդ մասնակցեց տոնավաճառին, սակայն նրանց շրջանում մենք չհանդիպեցինք հաշմանդամություն ունեցող մարդկանց։

Սոֆյա Մանուկյան

Աղբյուրը՝ www.hra.am