ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մինչև չտեսնենք օրենքը, չենք հավատա»

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դեկտեմբերի 6-ին «Արմատ» ակումբում հրավիրված ասուլիսն անսպասելի զարգացումներ ունեցավ: Նախ հրավիրված բանախոսներից բացի ասուլիսին ներկայացան Բնապահպանության նախարարության մի քանի աշխատակիցներ՝ նախարարի մամուլի քարտուղարի գլխավորությամբ: Հետո պարզվեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակվել է և բնապահպանների կողմից արված շատ դիտարկումներ հաշվի են առնվել:
«Ես դրական եմ գնահատում, որ փորձ արվում է ներառել մեր առաջարկները, բայց հաշվի առնելով մեր փորձը՝ մինչև մեր աչքներով չտեսնենք օրենքն այն տեսքով, որ տեսքով որ մենք ենք ուզում, մենք չենք հավատալու»,- նշեց բնապահպան Արման Վերմիշյանը:
Իսկ իրավաբան Մերի Խաչատրյանը նկատեց, որ լավ օրենք ունենալը բավարար չէ, մենք նաև օրենքի կատարման խնդիր ունենք:
Դեկտեմբերի 2-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի խումբ բնապահպանների կողմից արված առաջարկները բնապահպանության նախարարը հնարավորություն չունեցավ լսելու.
«Երբ մեր զեկուցողին ձայն տրվեց, դիտավորությամբ թե ոչ, մամուլից մի քանի հոգի բնապահպանության նախարարին դուրս հրավիրեցին, որպեսզի հարցազրույց վերցնեին»,- ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը՝ ավելացնելով, որ երկխոսությունը կառավարության ներկայացուցչի հետ տապալվեց:
Առաջարկությունները գրավոր տեսքով բնապահպանության նախարարությանը ուղարկելու երկրորդ փորձը նույնպես անհաջողության մատնվեց: «Դեկտեմբերի 5-ին մենք անակնկալի եկանք, երբ իմացանք, որ օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել է»,- ասում է իրավաբանը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է 63 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Ազգային ժողովի քննարկումը ցույց տվեց, որ այնտեղ պատգամավորների մեծ մասը ընդհանրապես չեն էլ կարդում օրենքի նախագիծը: Մատերի վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր պատրաստ են քննարկել, մնացածը կնոպկաներ են սեղմում միայն»,- այսպիսի կարծիք հայտնեց բնապահպան Լևոն Գալստյանը:
Իսկ Արման Վերմիշյանը հայտարարեց. «Այն, ինչ որ այսօր Հայաստանում արվում է բնապահպանության ոլորտում՝ կաթվածահար է անում ամբողջ բնապահպանական ոլորտը»:
«Հաշվի առնելով, որ բնապահպանության նախարարությունը չի կատարում իր հիմնական ֆունկցիան՝ բնության պահպանությունը, հաշվի առնելով, որ բնապահպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ ասում են, որ հրամանները «վերևից են գալիս»՝ մենք դիմում ենք ՀՀ նախագահին և պահանջում ենք հանդիպում մեզ հետ»,- ավելացրեց նա: Բնապահպանները կարծում են, որ միայն նախագահը կարող է ոլորտում քաղաքականություն և վերաբերմունք փոխել, որովհետև «այսպես այլևս չի կարելի շարունակել»:
Ասուլիսին ներկա Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ազգանուշ Դռնոյանը իր հետ բերել էր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ, ինչպես ինքը ներկայացրեց, հաշվի են առնվել բնապահպանների նույնիսկ բանավոր առաջարկությունները:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները հանդիմանեցին բնապահպաններին, թե ինչո՞ւ գրավոր տեսքով չեն ներկայացրել իրենց առաջարկությունները:
«Մենք առաջարկ չենք ներկայացրել, որովհետև մեր առաջարկությունը եղել է միակը՝ օրենքը ետ կանչել, որից հետո մենք կանենք մեր առաջարկությունները: Որովհետև մենք ունենք 60-ից ավելի առաջարկներ, որոնք 10 օրում հնարավոր չէ քննարկել, ձևակերպել և մտցնել օրենքի մեջ՝ այդ տեսքով»,- պարզաբանեց բնապահպան Լևոն Գալստյանը:
Իսկ Ազգանուշ Դռնոյանի այն դիտարկմանը, թե նախագծի հանրային քննարկումներին բնապահպանները չեն ներկայանում, Գալստյանն արձագանքեց. «Ո՞ր լսումներին հասցնենք գնանք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք նպատակ ենք դրել մեր երկրի ընդերքում ինչ կա-չկա այս 10 տարվա ընթացքում հանել ու մաս-մաս անել իրար մեջ»,- ասաց բնապահպանը՝ կոչ անելով բոլոր ակտիվիստներին միավորվել և պայքարել բնապահպանական ոլորտում պետական քաղաքականությունը փոխելու համար:
ԱԺ երկրորդ ընթերցմանը կներկայացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Մերի Խաչատրյանի խոսքերով՝ իրենք կուղարկեն իրենց գրավոր առաջարկները, երբ ունենան փոփոխված նախագիծը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am