ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգման գործիքներ. իրազեկության բարձրացման դասընթաց

Բրիտանական «Օմեգա» հետազոտական հիմնադրամը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 9-ին անցկացրեցին վերապատրաստման մեկօրյա դասընթաց «Սարքավորումների նույնականացում՝ իրավապահ մարմինների և փակ հաստատությունների մշտադիտարկում իրականացնողների համար» թեմայով:
Դասընթացի ընթացքում քննարկվեց փակ հաստատություններում, անվտանգության և ոստիկանության ուժերի կողմից կիրառվող գործիքները և դրանց նշանակությունները, մասնավորապես՝ ոչ մահացու հատուկ նշանակության գործիքները (էլեկտրաշոկ), հասարակական կարգի վերահսկողության գործիքները (արցունքաբեր գազ, տարբեր տեսակի քիմիկատներ), ինչպես նաև զսպող սարքերը (ձեռնաշղթաներ, ոտնաշղթաներ և այլն):
Դասընթացը վարում էր «Օմեգա» հետազոտական հիմնադրամի փորձագետ Ջո Ֆարհան, ով նախկինում աշխատել է Միացյալ Թագավորությունում և Գերմանիայում գործող սպառազինությունների վերահսկողության հարցերով զբաղվող, հասարակական կազմակերպություններում։
«Դասընթացի նպատակն է իրավապահ մարմինների և փակ հաստատություններում մշտադիտարկում իրականացնող անձանց իրազեկվածությունը բարձրացնել այդ ոլորտում կիրառվող գործիքների մասին' ռազմական, անվտանգության և ոստիկանության սարքավորումները առավել բարձր որակով հետազոտելու և դրանց մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Նման դասընթացները, որոնք մենք իրականացրել ենք նաև օրինակ՝ Մարոկոյում, գիտելիքներ են տալիս կիրառվող սարքավորումների միջազգային համապատասխան չափանիշների մասին, ծանոթացնում են, թե ինչպես են այդ չափանիշները կարգավորում այդ գործիքների կիրառումը»,-ասում է Ջո Ֆարհան:
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Գայանե Շահնազարյանը մասնակցելով դասընթացին՝ նշեց, որ բավականին հետաքրքիր տեղեկատվություն ստացավ, սակայն «լինելով դիտորդ, մեր քրեակատարողական հիմնարկներում չեմ հանդիպել նման գործիքներ, որոնք կիրառվում են ազատազրկվածների նկատմամբ: Միակ գործիքները, որ տեսել եմ ձեռնաշղթաներն են և ռետինե մահակները»:
Ըստ Գայանե Շահնազարյանի' միակ զարմանալի փաստն այն է, որ դասընթացի ընթացքում ցուցադրված սարքավորումները չեն վերահսկվում, չեն իրականացվում հետազոտություններ, մասնավորապես՝ մարդկանց վրա այդ սարքերի ազդեցության վերաբերյալ:
«Օմեգա» հետազոտական հիմնադրամը բրիտանական անկախ հետազոտական կազմակերպություն է։ Գործունեությունն ուղղված է ապահովելու ռազմական, անվտանգության և ոստիկանության տեխնոլոգիաների մշակման, վաճառքի և կիրառման վերաբերյալ մանրամասն, անկողմնակալ և հիմնավոր հետազոտություն։
Ջո Ֆարհան մեծ փորձ ունի դասընթացներ մշակելու և վարելու ոչ կառավարական կազմակերպությունների համար, ինչպես նաև՝ այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսին ՄԱԿ-ն է։ Նա հատուկ ուշադրություն է դարձնում ձերբակալվածներին պահելու վայրերում օգտագործվող գործիքներին։ Նա խորհրդապահական ճեպազրույցներ է ունեցել՝ աջակցելու ՄԱԿ-ի՝ խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (SPT) և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) դիտորդական առաքելություններին։ Նա սարքավորումների նույնականացման դասընթաց է վարել նաև պաշտոնատար անձանց համար, ովքեր աշխատում են խոշտանգումների կանխարգելման հարցերի ուղղությամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում։
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր` www.hra.am