Պաշտպանը միջնորդեց քրեական գործ հարուցել «Շանթի» լրագրողի և օպերատորի դեմ

Դատարանում Սևանի քահանան հայտարարեց, որ ինքն է ասել և ուղեկցել «Շանթի» լրագրողներին կրոնական կազմակերպության հավաքատեղի, մինչդեռ լրագրողներն իրենց բոլոր ցուցմունքներում ասել են, որ պատահական անցորդներից են տեղեկացել, թե որտեղ են հավաքվում հավատացյալները:

Դեկտեմբերի 8-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակցվեց «Ավետարանական հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի լսումը:

Հոգևոր հովիվը բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 13-ին կայացրած վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեջ։

Դատարան չէին ներկայացել տուժող կողմը՝ «Շանթի» օպերատորը և նրա ներկայացուցիչը: Սակայն դատարանը գտավ, որ դա խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար, քանի որ կողմը պատշաճ ծանուցված է եղել:

Դատարանում հարցաքննվեց գործով վկա Սևանի քահանա Տեր Նշան քահանա Սարգսյանը, ով, ըստ գործի նյութերի, հարցազրույց է տվել «Շանթի» լրագրողին Սևանում «աղանդավորական կազմակերպությունների» գործունեության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ լրագրողները Սևան էին գնացել սպանության մի միջադեպի հետքերով: Լուրեր էին տարածվել, թե Սևանում Եհովայի վկա մի երիտասարդ «Եհովա աստծո պատվիրանով» սպանել է իր ծնողներին:

Քահանան ցուցմունքի ժամանակ ասաց, որ լրագրողն իրեն հարցրել է՝ «Եհովայի վկաներից» բացի այլ կրոնական կազմակերպություններ կ՞ան Սևանում: «Ես ասացի, որ կան նմանատիպ կազմակերպություններ, որոնք կատարում են իրենց քարոզները: Եվ նաև լավ հիշում եմ, որ ասացի, որ եթե ես չասեմ, Սևան քաղաքում ում էլ հարցնես, մեծամասնությունը կասեն, որ հավատացյալները հավաքվում են կինոթատրոնի շենքում»,- իր ցուցմունքում նշեց քահանան:

Նա առաջարկել է ուղեկցել, քանի որ կինոթատրոնի շենքն իր տան ճանապարհին է եղել: «Շանթի» լրագրող Արփի Սուքիասյանը և օպերատորը քահանայի մեքենայով եկել են կինոթատրոնի շենքի մոտ: Քահանայի խոսքերով՝ ինքը շենքի մոտ է մնացել զուտ պատահականորեն, սպասելու միտում չի ունեցել, պարզապես իր ծանոթներից մեկին է տեսել և զրուցել նրա հետ:

Թե ներսում ինչ է տեղի ունեցել, քահանայի խոսքերով՝ ինքն իմացել է միայն եթեր գնացած ռեպորտաժից: Իսկ դրսում կանգնած ժամանակ միայն լսել է Արփիի ձայնը. «Արփին պատուհանը բացեց և բղավելով հարցրեց ոստիկանության տեղը, թե՝ հեռախոսահամարը՝ չեմ հիշում»: Իսկ Վլադիմիր Բաղդասարյանի այն հարցին, թե «որտեղի՞ց գիտեր Արփին, որ դուք դրսում եք», Տեր Նշանը չկարողացավ միանշանակորեն պատասխանել, միայն ասաց, որ ինքը չի ասել Արփիին, որ սպասելու է:

Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը միջնորդեց քրեական գործ հարուցել Արփի Սուքիասյանի և Էդուարդ Պետրոսյանի դեմ՝ սուտ ցուցմունքներ տալու հիմքով:

Փաստաբանը հիշեցրեց, որ իրենց տված ցուցմունքներում լրագրողներն ասել են, որ իրենց միայն հետաքրքրել են «Եհովայի վկաները» և պատահական անցորդներից են տեղեկացել, թե որտեղ են հավաքվում «աղանդավորները», մինչդեռ դատարանում Տեր Նշանը հայտարարեց, որ ինքն է ասել և ուղեկցել լրագրողներին:

Դատախազը գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Դատարանը որոշեց այս միջնորդությունը թողնել առանց քննության՝ դրան ապացույցների հետազոտման փուլում անդրադառնալու համար:

Ռոբերտ Ռևազյանը նաև միջնորդեց հարցաքննության հրավիրել գործով քննիչ Արամ Մարտիրոսյանին, քանի որ նա թույլ է տվել չարաշահումներ, մասնավորապես՝ տուժողների ցուցմունքները բառացիորեն արտագրված են միմյանցից, իսկ վկաներից մեկի ցուցմունքում քննիչի ուղղորդման պատճառով չեն ներառվել կարևոր փաստեր: Դատարանը տեղում քննարկեց և մերժեց միջնորդությունը՝ գտնելով, որ քննիչի կողմից չարաշահման որևիցե հիմքեր չկան:

Միջնորդություն ներկայացվեց փորձաքննության ենթարկել տեսանյութը՝ պարզելու ում ձայներն են, լսվող հարվածի ձայներն ինչի արդյունքում կարող էին առաջանալ  և արդյո՞ք դա «հում նյութն է», թե՝ մոնտաժված է: Առաջին ատյանի դատարանում այս միջնորդությունը մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ տեսագրության բնօրինակը չի պահպանվել տեսաժապավենի վրա, իսկ պատճենահանված սկավառակով  չի կարող փորձաքննություն նշանակվել: Դատախազը գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ դատարանը տեղում քննարկելով՝ որոշեց միջնորդությունը թողել առանց քննության և դրան անդրադառնալ ավելի ուշ:

Գործով քննիչ Ա.Մարտիրոսյանին դատարան կանչելու և հարցաքննելու միջնորդությամբ երկրորդ անգամ հանդես եկավ Բաղդասարյանի մյուս պաշտպանը՝ Անահիտ Սաղաթելյանը: Որպես հիմք նա մատնանշեց 25.02.2011թ. կայացված խափանման միջոցը ընտրելու մասին որոշման արձանագրությունը: Սաղաթելյանին առաքված և գործին կցված որոշումների վրա քննիչն արել է երկու՝ իրարից տարբերվող գրառումներ:

Դատարանն այս անգամ բավարարեց  միջնորդությունը և որոշեց դատարան հրավիրել և հարցաքննել քննիչ Արամ Մարտիրոսյանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 9-ին՝ 14:00-ին:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am