ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍԴ–ն կքննի «Պետական գաղտնիքի մասին» օրենքը

2012 թ. մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առնելու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումը՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ իր ներկայացրած բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որ վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք:
Սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը՝ որպես տեղեկություն, ևս գաղտնի են: Այլ կերպ ասած, գերատեսչության գաղտնի՝ հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են:
«Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ»,- նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը՝ www.hra.am
