Մեկուկես ամիս` գործն ուսումնասիրելու համար. էլեկտրահարման վարկածը նորից հերքվեց

Դեկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Վարդենիսի զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողներին, լսել նախաքննության վերաբերյալ նրանց նկատառումները: Նախարարը հանձնարարել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանին մանրակրկիտ ուսումնասիրել նախաքննության վերաբերյալ Օհանջանյանների դիտարկումները և մինչև 2012 թ. հունվարի վերջը ներկայացնել արդյունքները: Այս մասին www.hra.am -ին հայտնեցին ՊՆ քննչական ծառայության լրատվության վարչությունից:

2007 թ. Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը էլեկտրահարումն էր: Քննչական մարմնի կոմից 5 տարի շրջանառվող այս միակ վարկածը հերքվում է արդեն երկրորդ անգամ:

Առաջին անգամ էլեկտրահարման վարկածը հերքել էր «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը՝ 2009 թ.-ին:

Վերջերս ստացվել է գործը քննող քննիչ Լևոն Պետրոսյանի՝ ապրիլի 4-ին նշանակած դատաէլեկտրատեխնիկական նոր փորձաքննության արդյունքները: Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի 4 փորձագետների եզրակացության համաձայն՝ «կայանի բարձր հաճախականային բլոկներից և ոչ մեկի խափանման, վնասման դեպքում հնարավոր չէ սնող ցանցի լարման անցում դեպի անտենա»: Ըստ փորձաքննության արդյունքների՝ Ռ-419 ռադիոէլեկտրոնային սարքի ենթաբլոկը ընդունակ չէ արտադրել 180 Վ լարում, հետևաբար՝ չի կարող դառնալ հոսանքահարման պատճառ: Ընդ որում՝ փորձագետները միջնորդել էին իրենց տրամադրել Ռ-419 ռադիոէլեկտրոնային սարքը և կազմակերպել դեպքի վայրի զննություն: Սակայն, Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի խոսքերով, սարքն այլևս տեղում չէ, և փորձագետներն իրենց ուսումնասիրությունն արել են նմանատիպ այլ սարքի վրա:

«Այսքան ամիս ձգձգեցին, որ փորձաքննության արդյունքները աղավաղեն, բայց չկարողացան: Ֆիզիկան մեկ օրենք ունի, և փորձագետները ուրիշ բան չէին կարող գրել»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը:

Նա www.hra.am -ին փոխանցեց, որ իրենց պահանջով նախարարի հետ հանդիպմանը ներկա են եղել նաև քրեական գործով նախաքննությունն իրականացնող հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պետրոսյանը, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կարեն Հարությունյանը և ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:

«Ես ինձ հուզող հարցերը տվեցի, ոչ մի հարցին չպատասխանեցին, այլ ընդհակառակը, իրենց վարկածն էին նորից առաջ տանում ու էլեկտրահարումով առաջ են գնում, իրենց էդպես է հանձնարարված»,- ասաց Օհանջանյանը:

Սուրեն Օհանջանյանի խոսքերով՝ նախարարը հենց զինվորի ծնողների ներկայությամբ հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել գործը և իրեն զեկուցել:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am