ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախաքննությունը վերսկսվել է. կձերբակալվի՞ համաներված Դավիթ Զիրոյանը
Մարիամ Գևորգյանի և Մ.Բ.-ի նկատմամբ ամուսնության ընթացքում կիրառված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանականերում հիմնական մեղադրյալը՝ Հայկանուշ Միքայելյանը (սկեսուրը), ով գտնվում էր հետախուզման մեջ, հայտնաբերվել և կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում և արդեն գտնվում է Հայաստանում. այս մասին www.hra.am-ին հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին գլխավոր դատախազության շենքի մոտ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ՝ պահանջելու արդար դատավարություն երկու աղջիկների նկատմամբ սահմռկեցուցիչ բռնություններ իրականացրած ընտանիքի անդամների նկատմամբ։ Դավիթ Զիրոյանի առաջին և երկրորդ կանայք մեղադրում են նրան և նրա մորն իրենց անասելի բռնությունների ենթարկելու մեջ։
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դեռ տվյալներ չունեն Դավիթ Զիրոյանին ձերբակալել կամ չձերբակալելու մասին, քանի որ նրա հանդեպ արդեն իսկ քրեական գործ հարուցվել էր նախկինում և ինքը ազատ էր արձակվել համաներմամբ:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը հանձնարարել է Արարատի մարզի դատախազին վերսկսել քրեական գործի վարույթը և քննարկման առարկա դարձնել մամուլի հրապարակումները, քանզի մամուլի հրապարակումներում տեղ են գտել այնպիսի հանգամանքներ, փաստեր, որոնք մինչ այդ քննությանը հայտնի չեն եղել, բայց կարող են էական նշանակություն ունենալ ինչպես քրեական գործով արարքների ճիշտ որակման, այնպես էլ քրեական գործի վերջնական ընթացքի լուծման համար:
Ինչպես հաղորդում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, նշված քրեական գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության ներքո և տրվել են հստակ ցուցումներ' քրեական գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու և մեղավոր անձանց գործողություններին պատշաճ և համարժեք իրավական գնահատական տալու համար:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am