ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը»
Դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծի հանրային քննարկում: Քննարկումները կազմակերպել են ԱԺ-ն և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը(ԱԱԽ)՝ Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հետ համատեղ:
«Մենք կարևորում ենք այս նախագծի լայն հանրային քննարկումները»,-նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ կոչ անելով շահագրգիռ կողմերին իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել նախագիծը մշակող աշխատանքային խմբին մինչև հունվարի 15-ը:
Բաղդասարյանի խոսքերով՝ հունվարի վերջին «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» կքննարկվի ԱԱԽ-ում, որից հետո կներկայացվի նախագահի հաստատմանը:
Հանրային քննարկմանը ներկա «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ նախագահ Արման Դանիելյանը փոփոխություններ առաջարկեց երեք ոլորտում՝ սահմանափակել նախնական կալանքի ժամկետները դատաքննության փուլում, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը դարձնել հստակ և կանխատեսելի, ստեղծել անչափահասների արդարադատության համակարգ:
Արման Դանիելյանը www.hra.am -ին պարզաբանեց, որ դատաքննության փուլում ամբաստանյալը կալանքի տակ է գտնվում անորոշ ժամկետով՝ մինչև դատարանի կողմից այլ որոշում չկայացվի:
Իսկ մինչ գործը դատարան ուղարկելը՝ նախաքննության փուլում, կալանքի առավելագույն տևողությունը 2 ամիս է: Այսինքն՝ դատարանը 2 ամիսը մեկ պետք է վերանայի կալանքի որոշումը և նոր որոշում կայացնի կալանքը երկարաձգելու, դադարեցնելու կամ փոխելու մասին: «Մենք առաջարկում ենք, որ առնվազն նույն մեխանիզմը գործի նաև դատաքննության փուլում»,- ասաց Դանիելյանը:
Մյուս խնդիրն, ըստ իրավապաշտպանի, այն է, որ այսօր գործող պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը գործում է կամայականության սկզբունքով, չունի կոնկրետ չափանիշներ և դժգոհություն է առաջացնում գործընթացի հետ առնչվող գրեթե բոլոր կողմերի մոտ:
«Իրավիճակը բերում է նրան, որ քրեակատարողական հիմնարկներում առաջանում է գերբնակեցում: Խնդիրը լուծելու համար կիրառվում է համաներում, որի ժամանակ դատապարտյալներն ազատ են արձակվում՝ առանց ուսումնասիրելու նրանց՝ կրկնահանցագործության ռիսկայնությունը»,- ընդգծում է ՔՀԻ նախագահը:
Նա առաջարկում է ստեղծել հստակ և կանխատեսելի համակարգ, ինչը նշանակում է, որ դատապարտյալի համար կանխատեսելի և հասկանալի պիտի լինի իր վաղաժամկետ ազատման որոշումը: Վաղաժամկետ ազատման հարցերը, ըստ Դանիելյանի, պետք է քննեն մասնագիտացած դատավորները, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել կրկնահանցագործության ռիսկայնությունը:
ՀԿ-ի կողմից արված մյուս առաջարկը վերաբերում է պրոբացիոն համակարգի ստեղծմանը, որը պետք է աշխատի պայմանական վաղաժամկետ ազատվածների կամ պայմանականորեն չդատապարտվածների հետ և նրանց օգնի վերադառնալ բնականոն կյանքին:
Անչափահասների արդարադատության համակարգ ստեղծելու առաջարկը, Արման Դանիելյանի խոսքերով, ենթադրում է նախ անչափահասների գործերով մասնագիտացած դատավորների կամ դատարանի առկայություն:
Երկրորդ՝ պետք է լինի, այսպես կոչված՝ diversion, այսինքն՝ քրեական արդարադատության համակարգից ուղղորդում դեպի վերականգնողական համակարգ, որն ավելի մարդասիրական մոտեցում է և թույլ է տալիս առանց դատական համակարգով անցնելու ուղղել իրավախախտ անչափահասի վարքը:
«Այս համակարգի պիլոտային մոդելն արդեն Հայաստանում գործում է: Ութ վերականգնողական կենտրոններ են բացվել ՀԿ ջանքերով, որոնց աշխատանքներն ավելի քան գոհացուցիչ են, մեր կարծիքով: Անհրաժեշտ է, որպեսզի պետությունը դա ընդունի որպես գործող մոդել, ստանձնի գործող կենտրոնների ֆինանսավորումը և բացի նոր վերականգնողական կենտրոններ՝ բոլոր բնակավայրերում այդ ծառայությունը հասանելի դարձնելու համար»,- www.hra.am -ին փոխանցեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am