Պահանջում են վերանայել կառավարության որոշումը

Դեկտեմբերի 16-ին մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընթանում էր Կայուն զարգացման ազգային խորհրդի ընդլայնված նիստը,  քաղաքացիական ակտիվիստները, միանալով քաջարանցիների պայքարին, կառավարության շենքի առաջ ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Քաջարան գյուղի հողատարածքների:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ' Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը՝ դառնալով արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության:

Պետության կարիքների համար օտարված տարածքից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին: Տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին' հանքանյութ արդյունահանելու համար: Քաջարանի գյուղապետը պետք է իր գրավոր համաձայնությունը տա, սակայն  նա հրաժարվում է ստորագրել փաստաթղթի տակ, ինչի պատճառով արդեն հրաժարական է ներկայացրել:

«Դադարեցնենք բնաբռնաբարությունը», «Կանաչ, մաքուր, առողջ Հայաստան» «Հայաստանը մենք ենք, Հայաստանը դուք էլ եք» և այլ պաստառներով քաղաքացիները պահանջում էին վերանայել կառավարության՝ Սյունիքի մարզի հողերի օտարմանը վերաբերող որոշումը:

«Պահանջում ենք վերանայել Քաջարան գյուղի հողերը գերակա շահ ճանաչելու կառավարության չհիմնավորված, անմիտ որոշումը, քանի որ դրա հետևանքով տեղահանության վտանգի տակ է սահմանամերձ գյուղը՝ իր 300 բնակիչներով: Պետք  է մոբիլիզացնենք հասարակական կարծիքն ի պաշտպանություն այդ գյուղի շահերի»,-ասաց ակցիայի մասնակից, «Թռչկան» նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նունպես կոչ էր անում միասնական գործողությունների օրակարգ մշակել, և բոլոր խմբերին միավորել ու համակարգված ներկայացնել պահանջը:

«Մենք գյուղից ունեցանք այդ դժգոհությունը, մտահոգությունը: Շատ ողջունելի է, որ մենք ունենք քաղաքացիական կեցվածք ունեցող գյուղապետեր, ավագանի, որոնք հետամուտ են իրենց իրավունքներին: Այս համախմբվածությունը,  միանշանակ, կարող է  բերել հաղթանակ»,- կարծում է  Զ. Փոստանջյանը:

«Պահը հասունացել է , որ գերակա հանրային շահ ճանաչելուց առաջ կառավարությունն անցկացնի հանրաքվե: Իհարկե, սխալը գալիս է այնտեղից, որ գերակա հանրային շահ ճանաչում է կառավարությունը. այս թյուրիմացությունը մնացել է օրենքում և կառավարությունն օգտվում  է դրանից: Որոշումը կայացվել է, նոր ճնշում են համայքնի ղեկավարին, որ հավաքի ստորագրություններ, արձանագրություն կազմի, ցույց տա, որ հանրային լսումներ է  եղել»,- իր դժգոհությունն էր արտահայտում «Թռչկան» նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը:

«Գյուղը պաշտպանում է  իր սահմանադրական իրավունքները՝ ապրելու և բնակվելու այնտեղ, որտեղ ապրել են մի քանի հարյուր տարի: Նաև, ի նկատի ունենալով, որ այն սահմանամերձ գյուղ է, մենք հակասահմանադրական ենք համարում կառավարության այդ որոշումը: Մենք միանում ենք քաջարանցիներին և ասում՝ դուք մենակ չեք»,- նշեց «Էկոլուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանը:

«Թռչկան» նախաձեռնությունը և բնապահպանները պատրաստվում են իրենց պահանջը գրավոր ուղղել կառավարությանը՝ ի դեմս  վարչապետի:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am