Amicus curiae. աջակցություն դատարանին՝ հասնելու արդար որոշման

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) ՀՀ վերաքննիչ դատարանին և հանրությանն է ներկայացնում Amicus curiae' իրավական մի շարք նորմերի վերլուծություն, որի միակ նպատակն է աջակցել դատարանին՝ արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում:

Amicus curiae-ն դատարանում քննվող որևէ գործին առնչվող գրավոր իրավաբանական վերլուծություն է, որը կազմվում և դատարանին է ներկայացվում տվյալ գործի ելքով չշահագրգռված մասնագետի, խմբի կամ կազմակերպության կողմից: Amicus curiae-ն լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է դատարանի ընկերները: Amicus curiae-ի միակ նպատակն է աջակցել կոնկրետ գործը քննող դատարանին` արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում:

ԵՄԴ/0060/01/11 գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Տիգրան Պետրոսյան) 2011թ. նոյեմբերի 28-ին վճռեց Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով սահմանված հանցագործություն կատարելու համար և դատապարտեց ազատազրկման՝ 6 ամիս ժամանակով:

ՔՀԻ-ն գտնում է, որ Մակվեցյանի արարքում բացակայում է նշված քրեաիրավական նորմի հանցակազմը: Ավելին, նշված նորմը չի բավարարում իրավական որոշակիության՝ սահմանադրական և միջազգային իրավական չափանիշը: ՔՀԻ-ն նաև գտնում է, որ սեփական համոզմունքները քարոզելու յուրաքանչյուր անձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է և ենթակա է պաշտպանության:

Դեկտեմբերի 23-ին  այս գործի առնչությամբ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ապահովել կրոնի ազատությանն առնչվող դատական գործերի անկախ և անաչառ քննություն:

ՔՀԻ-ն իրականացրել է նշված նորմի, ինչպես նաև մի շարք այլ նորմերի և ինստիտուտների վերլուծություն, որը ներկայացվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին՝  Amicus curiae- ի տեսքով:

Amicus curiae-ին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ:

Աղբյուրը՝ www.hra.am