ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննիչը պարտավոր է տրամադրել Մուրադյանի գործով բոլոր նյութերը

Այսօր Վալերի Մուրադյանի գործով դատական նիստի ընթացքում ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց հայցվորի փաստաբանի միջնորդությունն այն մասին, որ քննիչը նյութերն ամբողջությամբ տրամադրի հայցվոր կողմին:
Հիշեցնենք, որ բանակում մահացած զինվորի մայրը՝ Նանա Մուրադյանը և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարան էին դիմել՝ ճանաչելու 2010թ. մարտի 14-ի լույս 15-ի գիշերը կասկածելի հանգամանքներում մահացած Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստը և պետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը՝ զորամասում տիրող բարձիթողի վիճակի և արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արմեն Խաչատրյան) անհիմն էր համարել և վերադարձրել էր զինծառայող Վալերի Մուրադյանի գործով ներկայացված հայցը: Սաֆարյանն այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:
«Նրանք մեզ պարտավոր էին տրամադրել ամբողջ նյութերը՝ 5 հատոր, բայց տրամադրել էին միայն մասը, իսկ առաջին դատավորը չէր համարել, որ քննիչը պարտավոր էր մեզ տրամադրել ամբողջական նյութերը: Ու քանի որ հաճախ շահարկում են, թե պաշտպանը լավ չի տիրապետում նյութերին ու չգիտի, թե ինչեր կան դրանց մեջ, դրա համար էլ մենք դիմեցինք Վերաքննիչ դատարան ու դատարանը բավարարեց մեր միջնորդությունը»,- www.hra.am -ին հաղորդեց Սաֆարյանը:
Նյութերն ամբողջությամբ ստանալուց հետո միայն նրանք կհասկանան պետք է փոխել իրենց դիրքորոշումը, թե՝ էլ ավելի ուժեղացնել իրենց՝ քննիչի անգործության ուղղված մեղադրանքը:
Սաֆարյանը շարունակում է պնդել, որ դատարանը պետք է իրավական գնահատական տա քննիչ Արման Ապրեսյանի գործողություններին, որոնց պատճառով ձախողվել է Վալերի Մուրադյանի մահվան իրական հանգամանքները պարզելու հավանականությունը, քանի որ փորձաքննություններ չեն նշանակվել ծանրակշիռ ապացույցներ ձեռքբերելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am