ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաջարան գյուղի պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ

«Քաջարան գյուղը մեզ համար հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ՝ գյուղի 27 հեկտար տարածքը «բացառիկ՝ հանրային գերակա շահ» է ճանաչվել և պիտի տրամադրվի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին' հանքանյութ արդյունահանելու համար: Ռաֆիկ Աթայանն անցած տարվա դեկտեմբերի 15-ին հրաժարական է ներկայացրել, որովհետև չի ցանկանում ստորագրել հողերի հանձնման համաձայնագրի տակ: Դիմումը դեռ ընթացք չի ստացել, սակայն Աթայանի խոսքերով՝ այն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի հրաժարվել իր «հակազգային որոշումից»:
Քաջարանցիները համոզված են, որ այդ համաձայնագիրը կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ:
Տարածած հայտարարության մեջ գյուղապետը կետ առ կետ անդրադառնում է իր և Քաջարանի մյուս բնակիչների համար մտահոգիչ խնդիրներին:
Նրա համար անհասկանալի է «հանրային գերակա շահ» հասկացությունը: «Սահմանային Քաջարան գյո՞ւղն է գերակա շահ մեր երկրի համար, թե՞ մի քանի հոգու (որոնց անունները գաղտնի են պահվում հանրությունից) անձնական շահը»,- հռետորական հարց է հնչեցնում նա՝ հավելելով, որ գերակա հանրային շահը նախ և առաջ սահմանային գյուղի պաշտպանությունն ու ամրապնդումն է:
Աթայանը սուտ ու զրպարտչական է համարում այն հայտարարությունները, թե Քաջարանում ընդամենը մի քանի ընտանիք է ապրում: Նա ամոթալի է համարում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանի պնդումները, թե Քաջարան գյուղում ընդամենը տասներկու ընտանիք է ապրում: «Նրա և մյուս պրոպագանդիստների հորինած տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ տարիներ շարունակ այնքան է անտեսվել Քաջարան գյուղի շահը, որ մարդկանց մի մասը հեռացել է այնտեղից»,- հայտարարության մեջ նշում է գյուղապետը:
Նա հայտարարում է նաև, որ սուտ են այն պնդումները, թե իբր քաջարանցիներն իրենց սեփականության դիմաց վաղուց փոխհատուցում են ստացել: Նրա խոսքերով՝ 1968թ. երկրաշարժից հետո պետությունը մասնակիորեն փոխհատուցել է երկրաշարժի պատճառած վնասները, սակայն գույքի ամբողջական փոխհատուցման մասին խոսք չի եղել:
Կապանի տեղական հեռուստատեսությամբ ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ելույթը, Աթայանի խոսքերով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրենք պայքարում են տարբեր շահերի համար: «Մենք պայքարում ենք սահմանային Քաջարանի լինելության, մեր պետության հարավային սահմանների ամրապնդման համար, իսկ Մաքսիմ Հակոբյանը և իր ծպտյալ գործընկերները պայքարում են իրենց, իրենց անհամար եղբայրների ու զավակների, իր' կասկածելի դավանանքի տեր տեղակալների ու օգնականների հարստացման համար»,- գրված է հայտարարության մեջ: Հետևաբար, գյուղապետը անիմաստ է համարում Հակոբյանի և նրա կողմնակիցների հետ գյուղի ճակատագրի շուրջ բանակցելը:
Հայտարարության մեջ գյուղապետը գրում է, որ կոմբինատի ղեկավարությունը իրենց պայքարին ի պատասխան «ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի և գյուղացիների հանդեպ». կոմբինատում աշխատողներին սպառնում է աշխատանքից հեռացնել, բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չի ընդունում' մարդկանց հուսահատության մատնելու համար:
Գյուղապետը դիմում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին' պահանջելով նրանց միջնորդությամբ ապահովել ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ» ընկերության տնօրեն Գյունտեր Պիլարսկու այցը Քաջարան գյուղ: Քաջարանցիները բացատրություն են պահանջում, թե ինչու է կոմբինատը հավակնում գյուղի 27 հա տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար:
Գյուղապետը դիմում է նաև ՀՀ կառավարությանը' պահանջելով բացահայտել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասների համար:
Վերջում Ռաֆիկ Աթայանը ևս մեկ անգամ գյուղի ողջ բնակչության անունից հայտարարում է, որ իրենց պայքարը շարունակական է՝ մինչև հաղթական ավարտ, և գյուղի որևէ տարածք կոմբինատին տալու հարցի շուրջ որևէ զիջում կամ բանակցություն լինել չի կարող:
«Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող»,- ասում է Քաջարանի գյուղապետը՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց անզիջում պայքարին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am