ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ջրծաղիկը՝ զինվորի մահվան պատճառ
ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի կարծիքով՝ երկու շաբաթ առաջ ջրծաղիկի պատճառով մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահը բժիշկների թերացման արդյունք չէ։
Այսօր նամակով լրատվամիջոցներին է դիմել երկու շաբաթ առաջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի տատիկը՝ Աիդա Ավագյանը։ Նամակում նշվում է, որ 2011թ. հունիսին բանակ զորակոչված իր թոռնիկը՝ Հայկ Մովսեսի Խաչատրյանը, մահացել է սխալ բժշկական օգնություն ստանալու հետևանքով:
ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը www.hra.am -ին հաղորդեց, որ ոչ մի բժիշկ չի կարող գուշակել ջրծաղիկ հիվանդությունը գաղտնիության շրջանում՝ 21 օրվա ընթացքում, իսկ գուշակելու դեպքում հիվանդին անմիջապես են ուղարկում իրենց մոտ, քանի որ ոչ մեկը չէր ցանկանա վարակվեր:
«Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ՝ «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ ու գաղտնի շրջանում չեն իմացել, որ ջրծաղիկ է: Հայտնաբերելուց հետո հիվանդությունն այնքան ինտենսիվ ու չարորակ է գնացել վիսցերալ ձևով, որ նա մահացել է: Սա մանկական վարակիչ հիվանդությունն է, բայց մեծահասակները ավելի ծանր են տանում ու մեզ մոտ տարեկան մեկ մարդ մահանում է նման ջրծաղիկից»,- ասաց Ասոյանը:
Զինվորի տատիկն իր նամակում գրում է, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր, այդ թվում նաև էպիլեպսիկ դրսևորումներ, որը բժիշկները որակել են, որպես կույր աղիքի բորբոքման հետևանք: Հայկ Խաչատրյանի հոր՝ տղային ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հորդորները բժիշկները մերժել են այն պատճառաբանությամբ, որ նախ պետք է լուծել կույր աղիքի խնդիրը, այնուհետև զբաղվել ջրծաղիկի բուժմամբ։ Իսկ երբ որոշել են տեղափոխել Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց նրա մոտ արդեն ախտահարված են եղել համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում՝ ուղեղը։
Ասոյանի կարծիքով՝ տղան մահանալու էր, քանի որ նրա մոտ ջրծաղիկի ամենաչարորակ տեսակն է եղել, և տղային ինֆեկցիոն հիվանդանոց ուշ կամ շուտ տեղափոխելու հանգամանքն էական չէ։
Ինչպես մեզ փոխանցեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղավորները դեռ հայտնի չեն, բայց նրանց հասնում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի տվյալները դեռ հայտնի չեն»,- ասաց Սարգսյանը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am