ՔԿՀ–ներում որևէ խուց հարմարեցված չէ հաշմանդամ դատապարտյալների համար

2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրենց պատիժն են կրում 137 հաշմանդամություն ունեցող դատապարտյալներ։ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալներով՝ նրանցից  11-ն ունեն հենաշարժական հաշմանդամություն։ Այսինքն՝ նրանք հատուկ պայմանների կարիք ունեն՝ թեքահարթակ, սանհանգույցի հարմարեցում և այլն։

Հենաշարժական հաշմանդամություն ունեցող դատապարտյալներից հինգը գտնվում են «Սևան» ՔԿՀ-ում, երեք հոգի՝  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, երկուսը՝ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ում և մի հոգի էլ «Հրազդան» ՔԿՀ-ում։

ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ի պատասխան մեր հարցմանը,  նշել է, որ ՀՀ ՔԿՀ այցելությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի խուց կամ սանհանգույց, որոնք հարմարեցված լինեն հենաշարժային խնդիրներ ունեցող բանտարկյալների համար. «Որևէ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում հենաշարժական խնդիրներ ունեցող բանտարկյալների հատուկ կարիքներին»։

Դիտորդների խումբը 2011թ. ընթացքում հաշմանդամություն ունեցող դատապարտյալներից ստացել է 9 ահազանգ, որոնցից մեկն է միայն եղել հենաշարժական խնդիրների վերաբերյալ՝ ՔԿՀ-ի ներսում դատապարտյալի տեղաշարժման դժվարությանը և համապատասխան օգնության բացակայությանը։

Հաշմանդամ դատապարտյալների խնդիրներին անդրադառնալու համար 2011թ. նոյեմբերին «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը դիմել էր Արդարադատության նախարարությանը հաշմանդամ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Թովմասյանին հանդիպելու  թույլտվություն ստանալու խնդրանքով։

Քրեակատարողական վարչությունից  ստացել ենք հետևյալ պատասխանը. «Հաշվի առնելով, որ դատապարտյալ Թովմասյանը բնութագրվում է բացասական, պատժի կրման ընթացքում 2 անգամ կատարել է հանցագործություններ, որոնց համար ենթարկվել է քրեական պատասխանատվության, ինչպես նաև թույլ է տվել կարգապահական խախտումներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար չէ թույլատրել հանդիպել Հ. Թովմասյանի հետ»։

Անհասկանալի է, թե Քրեակատարողական հիմնարկում հենաշարժական հաշմանդամություն ունեցող դատապարտյալի հանդիպումը լրագրողի հետ անվտանգության ինչպիսի՞ խնդիրների կարող է հանգեցնել, և մի՞թե ՔԿՀ վարչակազմն ի վիճակի չէ ապահովել մի քանի րոպեանոց անվտանգ տեսակցություն։

Աղբյուրը՝ www.hra.am