ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դեպի Թեղուտ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին կազմակերպում է ճանաչողական արշավ-ակցիա դեպի Թեղուտ: Բնապահպանական ակտիվիստներն այսպիսով սկսում են գործողությունների նոր շարք՝ Թեղուտի անտառի փրկության համար: Թեղուտում նախատեսվում է մոտ 4 կիլոմետր քայլարշավ:
«Վալլեքս» ընկերությունը, որին տրված է Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան, երեկ պաշտոնապես հայտարարեց, որ քաղաքացիական նախաձեռնության անունից հանդես եկող անձանց կողմից 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների և օրինական շահերի նկատմամբ և բոլոր հնարավոր մասնակիցներին հորդորեց զերծ մնալ ապօրինի գործողությունների մասնակցելուց:
««Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը վերոնշյալ քայլարշավը թույլատրելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացվել է միայն 2012 թ. հունվարի 11-ին, երբ տարբեր ԶԼՄ-ներով արդեն տևական ժամանակ տարածվել էին «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավի կազմակերպման մտադրության մասին մի շարք հայտարարություններ: Այդ գրավոր դիմումով «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձը խնդրում է թույլատրել շուրջ 100 հոգանոց խմբի՝ 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելը և շուրջ չորս ժամ գտնվելը: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության կողմից թույլատրվել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց մինչև 15 հոգուց բաղկացած խմբի մուտքը, որոնց տվյալները խնդրել է հայտնել մինչև 2012 թ. հունվարի 13-ը՝ ժամը 15:00: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը հնարավոր մասնակիցների տվյալներ չեն ներկայացվել»,- ասված է «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրությունում:
Չնայած «Վալլեքս» ընկերությունը Թեղուտի տարածք մուտք գործելը համարել է ապօրինի, նախաձեռնող խումբը միևնույնն է վաղը մեկնելու է Թեղուտ: Ավելին, երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին' խնդրելով ապահովել հունվարի15-ին ՀՀ Լոռու մարզ մեկնող և օրվա ընթացքում Թեղուտ, Շնող գյուղերում հավաքված մարդկանց անվտանգությունը:
Թեղուտի անտառը գտնվում է Լոռու մարզում: 2007թ. հաստատված Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը բնապահպանները համարում են խիստ վտանգավոր: Նրանք ահազանգում են, որ հանքարդյունաբերության հետևանքով կվերանա և կթունավորվի ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը' 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք եթե օդի, ջրի, հողի միջոցով թափանցեն մարդու օրգանիզմ, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ:
Նկարը՝ Կարեն Կարսլյանի
Աղբյուրը՝ www.hra.am