ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ դատարանն այսօր կհրապարակի որոշումը

Այսօր Վերաքննիչ դատարանը կհրապարակի «Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդդեմ Անդրանիկ Մակվեցյանի» գործով որոշումը։ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը և Տեր Եսայի քահանա Արթենյանը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։
Տուժողը՝ Տեր Եսայի քահանան, պահանջում է դատական ակտը բեկանել և Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի և 137 և 322 հոդվածների առաջին մասերով, իսկ Մակվեցյանի փաստաբանը պնդում է, որ պաշտպանյալը անմեղ է ու պետք է քրեական գործ հարուցել քահանայի դեմ:
Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011 թ. մայիսի 15-ին Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում վիճաբանության մեջ է մտել Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանի հետ, բռունցքով հարվածել է քահանայի աջ ձեռքին և սպառնացել «կրծել կոկորդը»:
Նոյեմբերի 28-ին դատարանը Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը) և 6 ամսվա ազատազրկման դատապարտել։
Վերաքննիչ դատարանը (նիստը նախագահող՝ Մ. Ռեհանյան) հունվարի 13-ին լսեց երկու կողմերի բողոքները։
Անդրանիկ Մակվեցյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը իր որոշումով խախտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ կետերն առանձին վերցված, և 9-րդ ու 14-րդ հոդվածների հետ համատեղ: Նա նշեց բացմաթիվ նախադեպային օրինակներ Եվրոպական դատարանի կայացրած որոշումներից, որոնք պարունակել են գրեթե նույն նախապատմությունը ու ԵԴ-ն որոշում է կայացրել հօգուտ Եհովայի վկաների:
«Ուստի մենք պահանջում ենք փոխել դատական ակտը ու կայացնել նոր դատական ակտ, անմեղ պետք է ճանաչեն Մակվեցյանին ու վերջինիս անհապաղ ազատ արձակեն նախնական կալանքից»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ հայցվոր կողմը ինքն է նշել, որ եթե իրենց պաշտպանյալը չի մեղադրվել վերոնշյալ երեք հոդվածներով ուրեմն անմեղ է:
Պաշտպանական կողմը նաև պնդում էր, որ այն հարցը, թե եկեղեցու տարածքում է եղել քարոզչությունը, իրականությանը չի համապատասխանում, ու դատարանը հաշվի չի առել վկա Սամվել Գրիգորյանի ցուցմունքները, որով նա չի հաստատել քահանայից հեռախոսը խլելու ու նրան հարվածելու, ինչպես նաև սպառնալիքներ հնչեցնելու փաստը:
Նիստը նախագահող դատավոր Ռեհանյանը հարցրեց՝ արդյոք կարևո՞ր է, թե որտեղ է եղել դեպքը: Պաշտպանական կողմը փաստեց, որ դա էական նշանակություն չունի, հետևաբար անիմաստ է այդ հարցը բարձրացնել, բայց իրենք դա անընդհատ նշում են, քանի որ դատախազությունն է առաջինը սկսել այդ հարցի վրա ուշադրություն դարձնել:
Տուժողի փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատասխանեց, որ Մակվեցյանը չի գտնվում նախնական կալանքի մեջ, այլ դատարանի որոշմամբ դատապարտել է 6 ամիս ժամկետով ազատազրկման, այսինքն՝ նրան ոչ մի օր անօրինական չեն կալանավորել, ինչպես փաստում է պաշտպանական կողմը:
Տուժող կողմը նաև մերժեց պաշտպանական կողմի փաստարկները, թե քահանան մոտեցել է Մակվեցյանին և իր ընկերոջը, ասել է վիրավորական արտահայտություններ՝ թուրքի լամուկներ, այլանդակի վաստակներ, անհավատներ, այլանդակներ։
«Սկզբից մինչև վերջ անհիմն ու հորինված պատմություններ են ներկայացնում՝ հարմարեցված իրենց մոտեցմանը և իրենց շահերին: Տրամաբանական չէ, որ ես մեքենան կանգնեցնեի խաչմերուկի մեջտեղում, մոտենայի ու կռիվ սկսեի: Հետո, ես ասել եմ, որ դուք հոգեորսություն եք անում ու պառակտում եք ազգը, սա իմ կարծիքը արտահայտելու իրավունքն է, որն իրենք ձևափոխում են ու ասում են, թե ես իրենց իբր վիրավորել եմ այլ բառերով: Հետո ասում են, թե ես բազմիցս ընդհարվել եմ Եհովայի վկաների հետ: Ես բազմիցս հանդիպել եմ իրենց հետ ու բանավեճի մեջ եմ մտել տարբեր կրոնական թեմաներով: Իսկ ոստիկանություն եմ դիմել, քանի որ նա ագրեսիվ կեցվածքով սպառնաց ինձ ու հարվածեց, ու ես սա դիտարկեցի որպես բռնություն ու սպառնալիք ու ոչ թե հոգեորսության համար եմ դիմել ոստիկանություն»,- նիստի ընթացքում պնդեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Անդրանիկ Մակվեցյանն իր խոսքում նշեց, որ նախկինում չի ճանաչել քահանային և հրաժարվեց հարցերին պատասխանել:
Դատարանը իր որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 16:00-ին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am