Ըստ փաստաբանի՝ դատաքննության ընթացքում շատ խախտումներ են եղել

«Շանթ» հեռուստաընկերության լրագրողների և Սևանի կրոնական կազմակերպության առաջնորդի դատական վեճը հասավ վճռաբեկ ատյան:

Հունվարի 11-ին Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասայանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը: Հոգևոր հովիվը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեջ:

Փաստաբան Ռևազյանը www.hra.am-ին փոխանցեց, որ դատաքննության ընթացքում շատ խախտումներ են եղել, որոնք իրենք նշել են 30 էջից բաղկացած բողոքում: Խախտումներից մեկը, նրա խոսքերով, այն է, որ Վերաքննիչ դատարանը ոչ օրինական կազմով է քննել գործը:

«Գործը վարույթ ընդունելիս դատարանը որոշումը կայացրել է այլ կազմով (Ե.Դարբինյան, Ա.Հովհաննիսյան, Ա.Չիչոյան), իսկ քննել է մեկ այլ կազմով (Ե.Դարբինյան, Ա.Հովհաննիսյան, Ա.Պետրոսյան): Եվ որևէ անգամ դատարանը չի հայտարարել, որ կազմի փոփոխություն է եղել, ոչ էլ այդ մասին որևէ որոշում է ուղարկել մեզ»,- ասում է փաստաբանը:

Ըստ Ռևազյանի՝ դատարանը գրավոր արձանագրության մեջ աղավաղել է Սևանի եկեղեցու քահանայի ցուցմունքը:

«Գրել են, որ Տեր Նշանը դատարանում ասել է, որ ինքն է լրագրողներին ասել, որ կրոնական կազմակերպության հավաքատեղին կինոթատրոնի շենքն է: Մինչդեռ ձայնագրությունից էլ պարզ լսվում է, որ քահանան դատարանում ասում է, որ ինքն առաջին անգամ է լսում, որ դա կինոթատրոնի շենք է եղել, ինքը 4 տարի է Սևանում է և այդ շենքը որպես «կլուբի շենք» գիտի»,- նշեց Ռոբերտ Ռևազյանը:

Մեկ այլ բողոքով հունվարի 12-ին Վճռաբեկ դատարան է դիմել Վլադիմիր Բաղդասարյանի մյուս պաշտպանը՝ Անահիտ Սաղաթելյանը: Նա պահանջում է քրեական գործ հարուցել բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման և կրոնական ատելություն քարոզելու համար: 

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը (լրագրող՝ Արփի Սուքիասյան, օպերատոր՝ Էդուարդ Պետրոսյան) մտել էր Սևանի նախկին կինոթատրոնի շենք, որն այժմ մասնավոր սեփականություն է, առանց պատշաճ ներկայանալու և թույլտվություն ստանալու նկարահանել էր կրոնական կազմակերպության անդամներին։ Շենքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն էր առաջացել, որի ընթացքում, «Շանթի» օպերատորի խոսքերով, Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։

Այս մասին պատմող տեսանյութը «Շանթը» եթեր էր հեռարձակել, որի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Իսկ Բաղդասարյանը ոստիկանություն էր դիմել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը խախտելու հիմքերով, սակայն հաղորդմանը ընթացք չի տրվել:

Նկարում՝ «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասայան

Մերի Ալեքսանյան

Նկարը՝ hraparak.am-ի
Աղբյուրը՝ www.hra.am