Կրկնակի փորձաքննության արդյունքները պաշտոնապես դեռ չեն հրապարակվում

Դեկտեմբերին ստացվել են հունիսի 28-ին Կապանի զորամասերից մեկին հարակից անտառում հոշոտված դեմքով հայտնաբերված 19-ամյա զինծառայող Տիգրան Համբարձումյանի դատաբժշկական կրկնակի փորձաքննության արդյունքները:

Առաջին դատաբժշկական եզրակացությունն անհասկանալի կետեր է պարունակել ոչ միայն զինվորի ընտանիքի, այլև՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի համար: Վերջինիս պահանջով սեպտեմբերին նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Տիգրան Համբարձումյանի հայրը՝ Բենիկ Համբարձումյանը www.hra.am -ի հետ զրույցում ասաց, որ նոր փորձաքննությամբ դատաբժիշկ Սևոյանը փորձել է «սվաղել» նախորդ փորձաքննության արդյունքները: «Ոչ մի նոր, լուրջ բան, որը կարող է օգնել գործի բացահայտմանը»,- կարծում է զինվորի հայրը:

Մենք արդեն 10 օր է փորձում ենք կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին որոշ պարզաբանումներ ստանալ Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից: Հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ հաղորդեց, որ իրենք դեռ քննարկում են և երկուշաբթի օրը միայն կկարողանան պատասխանել՝ նպատակահարմար գտնո՞մ են պատասխանել մեր հարցերին, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Տ.Համբարձումյանի դին գտել էին հունիսի 29-ին զորամասից մոտ 50 մետր հեռավորության վրա՝ անտառում: Նրա դեմքի և պարանոցի մաշկը պոկված է եղել: Զինվորի ծնողներին ասել են, թե տղան անտառում ինքնասպան է եղել, իսկ դեմքը ինչ-որ կենդանի է հոշոտել: Սակայն Տիգրանի հայրը կարծում է, որ իր որդուն սպանել է սպայական կազմը, հետո ինքնասպանություն բեմադրել, որպեսզի գործը կոծկեն:

Ըստ պաշտոնական վարկածի՝ 2011 թ. հունիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Տիգրան Համբարձումյանն ինքնակամ լքել է զորամասը: Նրան հայտանաբերել են հունիսի 29-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, զորամասի հարակից անտառից: Դիակի զննությամբ ձախ ձեռքի արմնկափոխ շրջանում առկա է լայնակի վերք՝ 7-8սմ երկարությամբ և 1,5x2սմ խորությամբ: Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից մոտ 16մ հեռավորության վրա՝ ծառի տակ, հայտնաբերվել է արնանման հետք, որից մոտ 3մ հեռավորության վրա՝ «Ռապիրա» տեսակի ածելի:

Տիգրանի հոր՝ Բենիկ Համբարձումյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր երակները կտրած մարդն արտահագուստն իր վրայից հանել, 16 մետրից ավելի տարածք անցնել ու մահանալ հորիզոնական ուղիղ դիրքով բերանքսիվայր պառկած՝ ձեռքերը գլխի տակ ծալված: «Դա բացառվում է: Նա պիտի գալարվեր, կծկվեր, կուչ գար»,- կարծում է հայրը:

Կասկածելի է նաև, թե ինչո՞ւ ինքնասպանության գործիքի՝ ածելու վրա փորձաքննությամբ մատնահետքեր չեն հայտնաբերվել, միայն արյան հետքեր են եղել:

Հայրը համոզված է, որ իր որդուն ավելի վաղ են սպանել, հետո տարել են անտառ, երակները կտրել և ինքնասպանություն բեմադրել:

«Դատաբժշկին մի քանի հարցեր էր ուղղված, որ կոնկրետ նշեր մահվան ժամը, որից ինքը հրաժարվել է՝ ասելով, որ հնարավոր չէ, չի կարող: Բայց ինքը շատ հստակ գրել է, որ ձեռքը կտրված վիճակով ինքը կարող էր իր վերնազգեստը հաներ, փորի վրա սողալով իջնել, նման գործողություններ աներ»,- տարակուսանք է հայտնում զինվորի հայրը:

Հավելենք, որ Տիգրան Համբարձումյանը բանակ էր զորակոչվել 2009թ. դեկտեմբերին Արարատի մարզի Նորաբաց գյուղից (Մասիսի շրջան): Նրա մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ներկայումս գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է:

ՀԳ. Այս տեղեկատվությունը տարածելուց հետո՝ ՊՆ Քննչական վարչությունից ստացանք հետևյալ պատասխանը.«Ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 201 հոդվածով (նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը) և ելնելով նախաքննության շահերից, նախաքննության մարմինը նպատակահարմար չի գտնում այս պահին հրապարակել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանի դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները»։  

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am