Ժ.Ալեքսանյան. «Ես առանց իրենց էլ կարողացել եմ աշխատել ու իրավապահ մարմինների հետ ավելի լավ եմ համագործակցել»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ հետ է վերցնում իր ստորագրությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ ստորագրած համագործակցության հուշագրից

ՀԿ-ի ղեկավար, լրագրող Ժաննա Ալեքսանյանի մեկնաբանմամբ՝ պատճառն այն է, որ մի զինծառայողի գործով քննության ընթացքում ՄԻՊ գրասենյակը հանդես չի եկել իրեն սատարող որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ։

Հիշեցնենք՝ Ժաննա Ալեքսանյանին երկու անգամ կանչել են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ցուցմունք տալու 2011թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում ժամկետային ծառայող շարքային 19-ամյա Ժորա Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով:

Զինվորի հայրը բազմիցս լրատվամիջոցներով հայտարարել է, որ ծառայակիցները բռնության և ծաղրուծանակի են ենթարկել իր որդուն, ծխախոտ են հանգցրել մարմնին, որից հետո նա տեղափոխվել է Երևանի կայազորի հոսպիտալ «սուր փսիխոզ» ախտորոշմամբ: «Հենարան» լրատվական կայքը հոկտեմբերի 9-ին հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ տղան նաև սեռական բռնության է ենթարկվել, ինչը հետագայում դատաբժշկական փորձաքննությունը չի ապացուցվել:

Այժմ քննչական մարմինները պնդում են, որ զինվորի հայրն այդ հայտարարությունը տարածել է, քանի որ Ժաննա Ալեքսանյանն է նրան ասել, թե նրա որդին սեռական բռնության էլ է ենթարկվել: «Հենարան» կայքի պատասխանատուներն էլ պատրաստ են դատարանում որպես ապացույց ներկայացնել համապատասխան ձայնագրություններ, որտեղ զինվորի հայրը նման բան է ասում:

Ժաննա Ալեքսանյանը պնդում է, որ քննչական մարմինները ստում են, քանի որ տղայի հորը ու տղային ինքն առաջին անգամ տեսել է հոկտեմբերի 12-ին, այսինքն՝ «Հենարանի» հրապարակումից հետո: Ալեքսանյանը համոզված է, որ այս քննչական գործընթացին իր ներգրավումը կանխելու նպատակով ՄԻՊ գրասենյակը կարող էր ընդամենը մեկ հայտարարությամբ կամ պարզաբանմամբ հանդես գալ, ինչը չի արվել:

«Օմբուդսմենի գրասենյակի աշխատողների հետ մենք հոկտեմբերի 12-ին այցելել ենք զինվորականին, որտեղ էլ իմացել եմ զինվորականի անունը: Իսկ ՄԻՊ-ի հետ այլևս չեմ ուզում համագործակցել, քանի որ իմացել եմ, որ  իրենք մի փաստաթուղթ են ստացել, որտեղ գրված է եղել, թե իբր հորը ես եմ տեղեկությունը հայտնել. իրենք ինձ պարտավոր էին զգուշացնել ու չեն զգուշացնել: Բացի այդ, ընդհանրապես չեն անդրադարձել այդ թեմային ու քննչական ծառայությանը ոչ մի պարզաբանում չեն տվել, որ ես իրականում դա չէի կարող հորը ասել, քանի որ միասին ենք զինվորի ինքնությունը հաստատել: ՄԻՊ-ը պարզապես անուշադրության է մատնել այդ խնդիրը»,- մեզ հետ զրույցում այսպես պատճառաբանեց  Ժաննա Ալեքսանյանը՝ ՄԻՊ-ի հետ ստորագրած հուշագրից հրաժարումը։

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն արդեն տարածել է պատասխան հաղորդագրություն, որտեղ նշված է, որ պաշտպանի գրասենյակն այս խնդրի կապակցությամբ բազմիցս կապվել է Ալեքսանյանի հետ և աջակցություն առաջարկել:

«Պաշտպանն անձամբ հանդիպել է Ալեքսանյանին, պարզաբանել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված' այլ անձանց վերաբերյալ տվյալներ պարունակող նյութերին ծանոթանալու ընթացակարգը, և տեղեկացրել, որ նման նյութերի տրամադրումը առանց համապատասխան իրավական հիմքերի կլինի ապօրինի: Ցավում ենք, եթե օրենքով սահմանված մեր լիազորությունները և սկզբունքային մոտեցումները չեն համապատասխանել տիկին Ալեքսանյանի ակնկալիքներին»,- ասված է հայտարարության մեջ:

ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Կարմիրշալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ՊՆ քննչական ծառայությունից երբեք չեն կանչել, որ ցուցմունք տան:

«Իսկ եթե դիմեն կամ լրագրողը դիմի, մենք անպայման կհաստատենք, որ այդ օրը ինքը մեր աշխատողների հետ է եղել, երբ առաջին անգամ հանդիպել են զինվորականին և նրա հորը»,- ասում է Կարմիրշալյանը:

Ժ. Ալեքսանյանի նշած փաստաթղթի վերաբերյալ մեր հարցին Ն. Կարմիրշալյանն ասաց. «ՄԻՊ-ը հարցում է կատարել երրորդ անձի վերաբերյալ ու ստացել է տեղեկություններ, որտեղ երկու տողով նշված է եղել նաև Ալեքսանյանի մասին: Այդ փաստաթուղթը երրորդ անձի վերաբերյալ տվյալներ է իր մեջ պարունակել, դրա համար չի հրապարակվել ու Ալեքսանյանին այդ մասին չի ասվել»:

Լրագրող Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ  քննչական մարմինները փորձում են ճնշել իրեն, որ ինքը խուսափի գրել զինված ուժերում տեղի ունեցող անարդարություններ մասին։ Իսկ պաշտպանի գրասենյակի հետ չհամագործակցելու մեջ ոչ մի բացասական բան չի տեսնում։ «Ես առանց իրենց էլ կարողացել եմ աշխատել ու իրավապահ մարմինների հետ ավելի լավ եմ համագործակցել»,-ասաց Ժ.Ալեքսանյանը:

Կարինե Իոնեսյան

Նկարը՝ FB-ից
Աղբյուրը՝ www.hra.am