Լրագրողը դեռ մեկուսարանում է

Փետրվարի 3-ի առավոտյան ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը: Տանից աշխատանքի գնալիս ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոն բաժին, ավելի ուշ՝ կալանավորել և տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) և 244-րդ հոդվածի («Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից) հատկանիշներով:

Ոստիկանությունից նաև հայտնել են, որ Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ է գտնվել հունվարի 23-ից: Նրա գործընկերները լրագրողներին ասել են, որ Հայկը ոստիկանությունից չի թաքնվել, ամեն օր աշխատանքի է գնացել և նույնիսկ չի իմացել, որ հետախուզվում է:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը www.media.am -ին ասել է, որ ձերբակալումը կարող է կապված լինել Հայկ Գևորգյանի մասնագիտական գործունեության հետ, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերաբերող հրապարակումների:

Նկարը՝ Գագիկ Շամշյանի
Աղբյուրը՝ www.hra.am