Ներկայացվեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը

Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունում ներկայացվեց այս տարվա հոկտեմբերին Ազգային ժողով ներկայացված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը նշեց, որ նոր օրենսգիրք ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է 2005թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններով և Հայաստանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ստանձնված պարտավորություններով:

Նրա խոսքերով` նախագիծը մշակելիս խումբը հաշվի է առել ոչ միայն գործող Սահմանադրության և ՀՀ-ի համար պարտադիր ուժ ունեցող միջազգային պայմանագրերի պահանջները, այլ նաև` տարիների ընթացքում ձևավորված դատական պրակտիկան:

Ըստ Ղուկասյանի` նախագծի նպատակն է լուծել հետևյալ հիմնարար խնդիրները.

  • քրեական գործերի քննության և լուծման ընթացքում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը,
  • քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության և դատարանի դերն ու նշանակությունը,
  • իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
  • ստեղծել արդար դատաքննության իրականացումը երաշխավորող գործուն կառուցակարգեր,
  • ապահովել քննությունն իրականացնող պաշտոնատար անձանց հաշվետվողականությունը, հստակեցնել նրանց գործառույթների և լիազորությունների շրջանակը:

Հրայր Ղուկասյանը մասնավորեցրեց, որ հստակ տարանջատվելու են նախաքննություն իրականացնող և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները` բացառելով նախաքննության ընթացքում հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուղղորդումները, ցուցումները: Աշխատանքային խմբի
ղեկավարը
նաև նշեց, որ նախագծում նոր լուծում է տրվել իրեղեն ապացույների պահպանման խնդրին:

Ի դեպ, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից պատրաստվել է քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին վերաբերող վերլուծություն, որը, Հրայր Ղուկասյանի խոսքերով,
մանրամասն կուսումնասիրվի Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի կողմից:

Աննա Մելիքյան