Խախտվել է Եհովայի վկաների ազատության և անձեռնմխելիության իրավունքը. ՄԻԵԴ վճիռ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նոյեմբերի վերջին կայացրած
վճռով՝ Հայաստանի հանրապետությունը խախտել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության
17 անդամների իրավունքները և նրանց պիտի վճարի ընդհանուր առմամբ 112.000 եվրո։

Կազմակերպության 19 անդամներ դիմել էին ՄԻԵԴ՝ հայտնելով, որ
խախտվել է իրենց ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև ապօրինի կալանքի
համար փոխհատուցում ստանալու իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասեր):

Երկու դիմումատուների գանգատը դատարանը չի ընդունել, իսկ 17–ի
պահանջը բավարարել է՝ Հայաստանի հանրապետությանը պարտավորեցնելով դիմումատուներից յուրաքանչյուրին
վճարել 6
000-ական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և բոլորին
մասին՝ 10.
000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

2004 թվականին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19
անդամներ դիմել էին ՀՀ իշխանություններին՝ խնդրելով իրենց զինվորական ծառայությունն
այլընտրանքային ծառայությամբ փոխարինել։

Նրանք հիմնավորել էին, որ իրենց կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը, ինչը սահմանված
է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով։

Նրանք անցել են այլընտրանքային ծառայության հիվանդանոցներում,
սակայն
2005թ. մայիս-հունիս ամիսներին համապատասխան կառույցներին տեղեկացրել են, որ իրականում իրենց ծառայությունը քաղաքացիական չէ, քանի
որ շարունակում են մնալ բանակի վերահսկողության տակ, հետևաբար իրենք
չեն կարող ծառայել և լքում են ծառայության վայրերը:

Դրանից հետո «Եհովայի վկաներ» կազմակերպության 19 անդամները կալանավորվել են, նրանց
նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայության
վայրն ինքնակամ լքելու համար։ Քրեական
գործը հետագայում կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Մի քանի ամիս ազատությունից ապօրինի զրկելու և  դրա դիմաց փոխհատուցում ստանալու հիմքով Եհովայի
վկաները դիմել են դատարան, սակայն, ներպետական ատյաններում մերժումներ ստանալով, դիմել
են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը նախկինում բավարարել է «Եհովայի վկաներ» կազմակերպության 3 անդամների բողոք՝
վճռելով, որ խախտվել
է նրանց՝ համոզմունքների պատճառով զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ «Եհովայի վկաներ» կազմակերպության տվյալներով՝ Եվրադատարանում
վճռի են սպասում իրենց կազմակերպության ևս
16 անդամների գանգատներ: