«Մատաղիսի» գործով դատավճիռը հրապարակվեց

Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Մարտին Սարոյան, Հարություն Մովսեսյան և Արմեն Խաչատրյան) հրապարակեց «Մատաղիսի» հայտնի գործով կայացված վճիռը: 

Դատարանն արդարացրեց Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին, ովքեր մեղադրվում էին իրենց երկու համածառայակիցների սպանության մեջ, որը տեղի է ունեցել 2003թ.-ին Մատաղիսի զորամասում:

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում միայն Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքն էր, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով: Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ 2004թ. ապրիլի 19-ին՝ առաջին անգամ որպես վկա հարցաքննվելիս, ինքը զինվորական դատախազության քննիչների կողմից մի քանի օր շարունակ ենթարկվել է դաժան ծեծի , հոգեբանական ճնշումների և սպառնալիքների, որի արդյունքում խոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին: Վերջիններս նույնպես հայտարարել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, սակայն երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:

2005 թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ իրենց ծառայակիցների՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով:

Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ 2006 թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել է ցմահ ազատազրկման: Սակայն 2006 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը վճիռը բեկանել է և գործն ուղարկել նոր քննության՝ պահանջելով ազատել մեղադրյալներին:

Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին նոր մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որը հանգեցրել է մահվան և 2008 թ. մայիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն գործով նոր դատաքննություն է սկսել, որով այսօր դատարանը հրապարակեց իր կայացրած վճիռը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը www.hra.am –ին ասել է, որ դատարանի վճիռն իրենց բավարարում է, սակայն 9 տարի շարունակվող դատական գործընթացը, փաստորեն, երեք երիտասարդներին բարոյական մեծ հարված է հասցրել:

«Անմեղ մարդիկ 2 տարի և 8 ամիս կալանքի տակ են գտնվել: Բացի այդ, խոշտանգումների վերաբերյալ նրանց հայտարարությունների հիմքով անկախ, ամբողջական և արդյունավետ քննություն չի իրականացվել»,- նշում է Դանիելյանը ՝ հավելելով, որ ակնկալում են, որ սպանությունից արդարացման վճռից հետո գոնե իրական մարդասպանները կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն: