Հիմնականում բողոքել են ոստիկանության բաժիններում անհիմն պահվելուց

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ աշխատակից Իսահակ Խաչատրյանը,
ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական
խորհրդի անդամ է, 2012թ. հունիս–դեկտեմբեր ամիսների ընթացքում 20–ից ավելի արագ արձագանքում
է ունեցել։ Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա ՄԻՊ գրասենյակի աշխատակցի
հետ նա այցելել է ոստիկանության բաժիններ կամ քրեակատարողական հիմնարկներ։

Հիշեցնենք, որ ՄԻՊ գրասենյակը 9 հասարակական կազմակերպությունների
համագործակցությամբ, որոնց թվում նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտն է, 2011թ.
նոյեմբերի 1-ից վերաբացել
է
իր արագ արձագանքման ծառայությունը։

«Ամփոփելով իմ կողմից կատարված արձագանքումները՝ կարող եմ ասել,
որ դրանց մեծ մասը վերաբերել է մարդկանց օրենքի խախտմամբ ոստիկանության բաժին տանելուն
և առանց հիմքի ու իրավունքների մասին տեղեկացնելու ժամեր շարունակ այնտեղ պահելուն»,–
ասում է Իսահակ Խաչատրյանը։

Նա նշում է դեպքեր, երբ մարդիկ, առանց իրավական կարգավիճակի,
ժամեր շարունակ պահվել են ոստիկանության բաժնում և չեն տեղեկացվել, որ 3 ժամ անց իրավունք
ունեն դուրս գալու։

«Երբ պահանջում էինք ցույց տալ ոստիկանության բաժին բերման ենթարկվածների
հաշվառման գրանցամատյանը, որպեսզի պարզենք, թե անձը երբ է բերվել բաժին, եղել են դեպքեր,
երբ հրաժարվել են ցույց տալ կամ բերել են ուշացումով, ինչից կարելի է ենթադրել, որ
բերման ենթարկելու ժամը լրացրած չեն եղել»,– հավելում է Խաչատրյանը։

Հոկտեմբերի 24-ին 116 թեժ գծին ահազանգել է մի կին՝ հայտնելով,
որ Ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակիցներն իր ամուսնուն տարել են ոստիկանություն,
որպեսզի պարզեն որդու գտնվելու վայրը, և պահում են այնտեղ։ «Գրանցամատյանում արձանագրված
չէր քաղաքացուն բաժին բերելու փաստը։ Մենք առանձին զրուցեցինք քաղաքացու հետ, բացատրեցինք
իր իրավունքները, մասնավորապես՝ որ կարող է դուրս գալ ոստիկանությունից, եթե ցանկանում
է, որից հետո նա ասաց, որ ցանկություն չունի մնալու և մեզ հետ դուրս եկավ բաժնից»,–
պատմում է արագ արձագանքման խմբի անդամը։

Ոստիկանություն բերման ենթարկելու և այնտեղ ժամեր շարունակ անհիմն
պահելու վերաբերյալ ահազանգ է եղել նաև նոյեմբերի 21-ին։ Այս անգամ Ոստիկանության Երևան
քաղաքի վարչության Մաշտոցի բաժին բերման ենթարկվածները երեքն էին։ «Մենք առանձին զրուցել
ենք քաղաքացիների հետ և պարզել, որ նրանց անհիմն են պահում անազատության մեջ։ Մեր միջամտությամբ
նրանց ազատ են արձակել, սակայն նրանք հետագայում հրաժարվել են պաշտպանին գրավոր բողոք
ներկայացնելուց»,– նշում է Իսահակ Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ արագ արձագանքման
թեժ գծին հիմնականում զանգահարում են բերման ենթարկվածների ընտանիքի անդամները, հարազատները։
Իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվողների վերաբերյալ ահազանգերը և բողոքները ավելի
շատ եղել են անձնական գործերի վերանայման, արդար դատավարության իրավունքի հետ կապված։