ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անվճար իրավաբանական օգնություն՝ հոգեբուժարաններում բուժվող անձանց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է «Հոգեբուժական օգնության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները՝ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանն ու Դավիթ Հարությունյանն առաջարկում են հստակեցնել հոգեբուժական կլինիկաներում բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից անվճար իրավական օգնության տրամադրման մեխանիզմները:
Խնդիրն այն է, որ «Հոգեբուժական օգնության մասին» գործող օրենքով այդ անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն դրա տրամադրման կարգը օրենքում հստակեցված չէ:
ԱԺ պատգամավորներն առաջարկում են օրենքում ամրագրել, որ իրավական օժանդակությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից: Իսկ իրավական օժանդակության տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:
«Փաստաբանության մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ՝ նախատեսվում է հոգեբուժարաններում բուժվող և հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ևս ընդգրկել պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրվող սոցիալական խմբերի ցանկում:
Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է իրավաբանական խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում, հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավական փաստաթղթերի կազմում, ինչպես նաև՝ հոգեկան խանգարում ունեցող անձանց ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի թիվ 46/119 հանձնարարականի 18-րդ սկզբունքի 1–ին կետը նույնպես սահմանում է, որ հոգեբուժարանում բուժվող պացիենտը իրավունք ունի անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու:
Օրենսդրական առաջարկության փաթեթի վերաբերյալ Կառավարությունն այսօր սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Օրինագծերն ընդունվելու դեպքում դրանք առաջարկվում է գործողության մեջ դնել 2014թ. հունվարի 1-ից:
