ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվեց ԵԱՀԿ Ընտրությունների դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դիտորդական առաքելությունը, որը հունվարի 10-ից դիտարկում է գալիք նախագահական ընտրությունների գործընթացը, հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը:
«Այս ընտրությունները կլինեն առաջին նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2011թ. մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգրքի համաձայն։ Նոր Օրենսգիրքը գնահատվել է իբրև համապարփակ և տրամադրում է ամուր հիմքեր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Միաժամանակ, Օրենսգրքում դեռ կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն»,– գրված է զեկույցում, որն ընդգրկում է հունվարի 10-16–ն ընկած ժամանակահատվածը։
Զեկույցում հիմնականում ներկայացված են ՀՀ ընտրական օրենսդրությունը, ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը, ժամանակացույցը, առաջադրված թեկնածուները, ընտրողների թիվը և ընդհանուր բնույթի այլ տեղեկատվություն։ Ներկայացված է նաև Ընտրությունների դիտորդական առաքելության գործունեությունը։
Նշենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը դիտարկել է 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք, ըստ զեկույցի, «բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով»։
«Նախընտրական քարոզչության դրույթների որոշ խախտումներ, այդ թվում՝ վարչական միջոցների օգտագործումը և ընտրողների ընտրության ազատությունը սահմանափակելու փորձերը, ստեղծել էին անհավասար մրցակցային դաշտ և հակասում էին ԵԱՀԿ պարտավորություններին»,– նշված է զեկույցում։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը կազմված է 13 անդամներից բաղկացած հիմնական թիմից, որը կենտրոնացած է Երևանում, և երկրի տարածքով մեկ տեղաբաշխված 24 երկարաժամկետ դիտորդներից։
ԺՀՄԻԳ-ը ԵԱՀԿ անդամ երկրներից 250 կարճաժամկետ դիտորդներ է ներգրավելու՝ քվեարկության ընթացքը, ձայների հաշվման գործընթացը և քվեարկության արդյունքների ամփոփումը դիտարկելու նպատակով։
Զեկույցի անգլերեն տարբերակը։
Զեկույցի հայերեն տարբերակը (ոչ պաշտոնական թարգմանություն)։
