ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա. նրան այսօր վիրահատել են

Հունվարի 31-ի գիշերը՝ 23։30–ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում հրազենից կրակել են Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա։
Այսօր նա վիրահատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Հաղորդում են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ Հայրիկյանը հիվանդանոց էր տեղափոխվել կեսգիշերին՝ աջ անրակի շրջանում ստացված հրազենային վնասվածքով։ «Կույր վերք է, գնդակը դեռևս գտնվում է փափուկ հյուսվածքներում, առավոտյան կվիրահատվի և գնդակը կհեռացվի»,- ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նա ասել էր, որ վնասվածքը միջին ծանրության է, որևէ կենսական օրգան ախտահարված չէ, Հայրիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իրեն լավ է զգում և կարողանում է կոնտակտի մեջ մտնել իրենց այցելողների հետ։
Նախնական տվյալներով՝ քաղաքական գործիչը տուն վերադառնալիս է եղել։ Մեքենայից իջնելուց հետո անհայտ անձը մոտեցել է նրան։ Հայրիկյանը շրջվել է դեպի նա և լսել կրակոց, որից հետո «օգնություն» է գոռացել։ Կրակողը մոտ տարածության վրա է գտնվել։ Հարևանները news.am–ին պատմել են, որ ոչ թե կրակոցի ձայնն են լսել, այլ՝ օգնության կանչը և անմիջապես իջել են ներքև։ Հայրիկյանը վիրավոր վիճակում հասցրել է մուտքով բարձրանալ և հասնելով երկրորդ հարկի ճաղավանդակներին՝ պառկել է գետնին։ Հարևանները նրան տեսել են արյունոտված և շտապ օգնություն են կանչել։
Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածների հատկանիշով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը, որը կատարվել է նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով (պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):
Քննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ Ոստիկանության հետ համատեղ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հիվանդանոցում Պարույր Հայրիկյանին այցելել են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, նախագահի թեկնածուներ և այլ քաղաքական գործիչներ։
