ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայրիկյանն ընտրությունները հետաձգելու դիմում չի ներկայացնի

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ օրեր առաջ
մահափորձ էին կատարել,
այսօր հրապարակեց իր որոշումը։
«Պարույր Արշավիրի Հայրիկյանի նկատմամբ թեպետ առաջացել են անհաղթահարելի
խոչընդոտներ, բայց նա այժմ չի օգտվելու օրենքով իրեն ընձեռնված հնարավորությունից և
չի դիմելու բարձր ատյանին՝ Սահմանադրական դատարան, նախագահի ընտրությունը երկշաբաթյա
ժամկետով հետաձգելու համար»,– այս մասին փետրվարի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ
հայտարարեց թեկնածուի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Մենք ամբողջովին բացառում ենք նոր ընտրությունների հանգամանքը՝
հետևյալ հիմնավորմամբ։ Մեզ համար պարզ էր, որ ոճրագործների, կազմակերպիչների նպատակը
Հայրիկյանին վերացնելն էր, որի հետևանքը պիտի լիներ նոր ընտրությունները։ Հաշվի առնելով,
որ իրենց նպատակն էր դա, մենք ուզում ենք, որ իրենք իրենց նպատակին չհասնեն»,– իրենց
որոշումն այսպես է մեկնաբանել Հայրիկյանի շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը։
Նա հավելել է, որ իրենք «դուռը բաց են թողնում» մյուս թեկնածուների
համար։ «Առայժմ մենք չենք երկարաձգում՝ հաշվի առնելով, որ մյուս թեկնածուներն էլ ունեն
իրենց իրավունքը՝ իրենց կարծիքը հայտնելու և իրենց մոտեցումները ներկայացնելու՝ դա
կլինի բանակցությունների միջոցով, թե իրենք անձամբ կդիմեն Սահմանադրական դատարան»,–
նշել է Եղնուկյանը, հիշեցնելով, որ նախագահի մի քանի թեկնածուներ արդեն հայտնել են
ՍԴ դիմելու իրենց պատրաստակամության մասին։
Նա հակադրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շահարկվող
այն կարծիքին, թե Հայրիկյանը «ղսմաթ» ունի և կատարվածը դրական է ազդել նրա իմիջի վրա։
«Դա այդպես չէ, երբ որ նախագահի թեկնածուն երևում է հիվանդանոցում,
դա արդեն ստեղծում է այն բացասական իմիջը, որ այդ մարդը խոցելի է։ Դա իրեն ռեյտինգ
չի տալիս, դա բացառված բան է համաշխարհային փորձում»,– նկատել է Եղնուկյանը։ Նրա խոսքերով՝
Պարույր Հայրիկյանը նպատակ չունի շահարկելու իր հետ կատարվածը, թեև դա, իրավական ձևակերպմամբ,
անհաղթահարելի խոչընդոտ է:
Պարույր Հայրիկյանի թիմի կատարած ուսումնասիրությունը ցույց
է տվել, որ մահափորձըթեկնածուիվարկանիշն անփոփոխ է թողել. «Չկաշոշափելիշարժ՝այն,ինչ պարոնԱդիբեկյաննէրասումևուրիշները,չկա: Նրավարկանիշըչիբարձրացել»,– հայտարարեց
Հայրիկյանի շտաբի արտաքին կապերի պատասխանատուն։
Ասուլիսի ավարտին անսպասելի հայտնվեց Պարույր Հայրիկյանը՝ հայտարարելով,
որ պարզապես եկել է ցույց տալու, որ ինքը ներկա է թե՛ քաղաքական դաշտում, և թե՛ ֆիզիկապես։
«Թող բոլորը իմանան, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը
իր բնական ուղուց չպետք է շեղի, և ամեն մեկս անելիք ունենք: Ես շատ լավ հասկանում եմ,
որ դա ահաբեկչություն էր իմ նկատմամբ ու գիտեմ` ինչու է այդպես։ Այդ ահաբեկչությամբ
զբաղվել են տասնամյակներ ու առաջին օրը չէ, որ ինձ փորձել են սպանել: Բայց երբեք նպատակ
չեն ունեցել ինձ սպանել, այլ փորձել են սպանել այն արժեքները, որոնք ես ցանկացել եմ
դարձնել եմ իմ ժողովրդի սեփականությունը` ժողովրդավարություն, անկախություն, ինքնորոշում,
մարդու իրավունքներ»,- հայտարարեց Հայրիկյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ նա ևս մեկ անգամ նշեց, որ աստծո կամոք է
կենդանի մնացել, որովհետև դեռ առաքելություն ունի և դա կատարյալ ժողովրդավարության
մոդելով Հայաստանը աշխարհում ամենաօրինակելի երկիր դարձնելն է, ինչի համար պետք է միայն,
որ հայ քաղաքական գործիչներն իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և համախմբվեն։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ
մահափորձը տեղի էր ունեցել հունվարի 31-ին, որից հետո նա հայտարարել էր, որ, հավանաբար,
ստիպված կլինի երկշաբաթյա ժամկետով հետաձգել ընտրությունները՝
ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածի հիմքով։
