ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013. ԱՀԱԶԱՆԳԵՐ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

21:23 - Երևան, 2/03 ԸՏ - Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որ դիտորդը մասնակցի ձայների հաշվարկին՝ կոպիտ կերպով դուրս հրավիրելով նրան: Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1 մասի 2-րդ կետի համաձայն դիտորդն իրավունք ունի ներկա գտնվել ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացնելուց և վերջինիս միջամտությունից հետո ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը բարեհամբույր կերպով ներս է հրավիրել դիտորդին և թույլատրել նրան ներկա գտնվել քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին:

18։31 – Արտաշատ, 17/7 ԸՏ – 080 080 804 թեժ գծին ահազանգել է "Իրավունքի Եվրոպա" ՀԿ–ի դիտորդը և տեղեկացրել է, որ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, որի վերաբերյալ արձանագրություն կազմած դիտորդի նկատմամբ ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամները։

17։30-18։30 – Երևան, 11/29 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մի խումբ երիտասարդներ գտնվել են ընտրատեղամասում՝ դրա իրավունքը չունենալով։ Հանձնաժողովի նախագահը երկու անգամ նրանց դուրս է հրավիրել, սակայն նրանք նորից վերադարձել են։ 

17։00 – Կապան, 38/12 ԸՏ – "Իրավական շտապ օգնության" մեքենայում շրջող լրագրողը ահազանգ է ստացել, որ Կապանի Շինարարներ թաղամասում տեղակայված 38/12 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են, մարդկանց ուղեկցելով բերում են ընտրության, ընտրելուց հետո գումար են տալիս ու ճանապարհում։ Մանրամասն՝ http://www.aravot.am/2013/02/18/201994/

16։30 – Գյումրի 36/45 – www.hra.am կայքի թղթակիցը արձանագրել է, որ տեղամասում պատին փակցված է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը։ 

16։50 – Մարտունի, 22/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում և քաոսային վիճակ։ Տեղամասում եղել է 15-ից ավելի ընտրող և օտար անձինք։

16։12 - Երևան, 8/16 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ քվեարկողների գրանցամատյանում քվեարկել պատրաստվող ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին և պարզաբանում է պահանջել։

16։15 – Մարտունի, Զոլաքար գյուղ – 080 080 804 թեժ գծին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ անձնագրի մեջ դրված ժամանակավոր կնիքը ջրի օգնությամբ հեշտությամբ ջնջվում է։

16։30 – Կապան, 38/19 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ժամը 11։00-12։00–ի սահմաններում նշված ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։ Նույն տեղամասում ինչ–որ մեկը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է հանձնաժողովին՝ ճշտելու նրա ով լինելը և պարզվել է, որ նա վստահված անձ չէ։

13։00-ին ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տեղամասում ինչ–որ մեկը մարդկանց ուղղորդում է, "փորձում է օգնել"։ Նա ներկայացել է որպես նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձ։ Սակայն, երբ դիտորդը խնդրել է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, այդ անձը խուսափել է և հեռացել։

16։00 – Գյումրի – 34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում: 34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջում էին վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես չեն մասնակցի քվեարկությանը: 34/37 ընտրատեղամաս չհասած` մայթին կանգնած մի խումբ տղամարդիկ, նախքան ընտրատեղամասի տեղը մատնացույց անելը, հետաքրքրվում էին, թե արդյոք գումար բաժանողներից ենք, և իրենց որևէ բան կհասնի, թե ոչ: 34/37 ընտրատեղամասի մոտ ՔՀԻ դիտորդ Գայանե Առաքելյանին մոտեցել է մի կին և փորձել ճշտել, թե որտեղ են գումար տալիս: 34/27 ընտրատեղամասում շարունակական կուտակումներ են, սրահում մարդկանց թիվը գերազանցում է 20-ը: Մանրամասն՝ http://hetq.am/arm/news/23489/metsahasak-kanayq-pahanjel-en-vtcharel-ire...

15։00 – 080 080 804 թեժ գծին ահազանգել է քաղաքացի Էջմիածին քաղաքից՝ հայտնելով, որ անձնագրի մեջ դրված ժամանակավոր կնիքը ջնջվում է։ 

14։10 – 080 080 804 թեժ գծին ահազանգել է քաղաքացի՝ հայտնելով, որ 10/09 ընտրատեղամասում իրեն թույլ չեն տալիս նույնականացման քարտով քվեարկել։ 

Թեժ գծի իրավաբանը պարզաբանել, որ հանձնաժողովի նախագահի գործողություններն օրինաչափ են։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գրանցվելու և քվեաթերթիկ ստանալու համար հիմք է հանդիսանում անձնագիրը կամ ոստիկանության կողմից տրված՝ անձնագիրը ժամանակավոր փոխարինող փասթաթուղթը՝ 9-րդ ձևը, իսկ զինծառայողների համար զինվորական գրքույկը։

14:55 – Երևան, Ավան,1/8 ԸՏ –ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տաքսիներով ինչ–որ մարդիկ են գալիս, որոշ ընտրողների բաժանում են անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ովքեր այդ փաստաթղթով մտնում են տեղամաս քվեարկության: Այդ փաստը նկարահանվել է դիտորդի կողմից:

Լրացված – Դիտորդը տեղեկացնում է, որ նշված ընտրատեղամասում մի կին հանձնաժողովի նախագահին հայտնել է, որ ընտրողների ցուցակում առկա են իր մահացած ամուսնու տվյալները՝ չնայած, որ նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ցուցակից ամուսնու անունը հանելու համար: Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել, փոխարենը հարցրել է այդ կնոջը, թե արդյո՞ք վերջինս համոզված է, որ իր ամուսինը մահացած է:

ՔՀԻ դիտորդներն արձանագրել են այլ խախտումներ ևս՝ կուտակումներ ընտրատեղամասում, մեկ քվեախցիկի մոտ միաժամանակ գտնվել են 3 հոգի: Դիտորդները դիմել են հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել և դիտորդներից փորձել է ճշտել, թե երբ են վերջիններս հեռանալու ընտրատեղամասից:

Լուսանկարը՝ www.hra.am-ի, 1/08 ընտրատեղամաս

14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։ 

14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին և հսկում են, թե ում օգտին են քվեարկում։

Լրացված – 14։58 – "Իրավական շտապ օգնության մեքենան" գնացել է ահազանգի հետքերով և խախտում չի հայտնաբերել։

14։10 - Երևան, Ավան, 1/08 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրատաչածքում արդեն 20 րոպե է՝ մեծ կուտակումներ են ու քաոսային վիճակ։ Հանձնաժողովի նախագահը կանգնած ծխում է և չի վերահսկում իրավիճակը։ Խցիկի մոտ քվեարկում են երկու հոգով։

13։30 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ անձնագրի միջից ժամանակավոր կնիքը ցնդել է քվեարկելուց 2 ժամ հետո։

13։53 – Երևան, 8/05 ԸՏ – "Իրավական շտապ օգնության" մեքենայի իրավաբանը և դիտորդը արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ։ 

Ուղղում – Պարզվել է, որ քվեարկողն ունի տեղաշարժման դժվարություններ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 30.06.2011թ N19–Ն որոշման համաձայն՝ նա իրավունք ունի ընտրել տեղամասի առջև, եթե տեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 

12։38 — 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց և կրկնակի քվեարկություն։

12։15 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ "Իրավունքի Եվրոպա Միավորում" ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3 տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:

12:00 - Գյումրի, 34/30 ԸՏ - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել:

13։50 - Արտաշատ, 17/01 – ՔՀԻ դիտորդն արձանագրել է մի քանի դեպք, երբ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկում։

09:00 - 10:00 - Գավառ, 22/15 ԸՏ –
ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ նշված ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նույն կնոջ ուղեկցությամբ ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ–որ նշումներ է կատարում, և ընտրողները հեռանում են:

13:04 - Արտաշատ, 17/1 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում միաժամանակ 2 հոգի են եղել՝ առանց սահմանված կարգով գրանցվելու: Պարզվել է դուստրն օգնում է մորը՝ քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է: 

Ինչպես նաև՝ ՔՀԻ դիտորդին "Իրավունքի Եվրոպա" ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությունը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:

13։10 – Վանաձոր, 30/31 – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ տեղամասի առջև գտնվող տեսասկավառակների խանութից բարձր հչում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի հիմնը՝ "Դեպի ապահով Հայաստան" երգը։ Նրա միջամտությամբ ոստիկանները խախտումը վերացրել են։

13։05 – Երևան, 13/37 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։

12։15 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։

12։00 – Երևան, 4/11 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը հայտնել է, որ ընտրատեղամասի առաջին հարկում մի կին է եղել, ով ինչ–որ ցուցակով ներկա–բացակա է արել քվեարկության եկողներին։ Վստահված անձի միջամտությմաբ նրան տեղամասից հեռացրել են։

11։38 - Երևան, 13/38 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի  Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով և մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի թե ոչ, անձն արդեն քվեարկած և հեռացած է եղել։

12:20 - Գորիս, 37/29 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տեղամասում ունի 2 վստահված անձ։ Նրա միջամտությամբ խախտումը վերացվել է. նախագահը դուրս է հրավիրել վստահված անձանցից մեկին։

Դիտորդի փոխանցմամբ՝ Գորիսի մի շարք տեղամասերում միայն թեկնածու Սերժ Սարգսյանն ունի վստահված անձինք։

12։20 - Արտաշատ, 17/01 ԸՏ – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ դիտորդ Խաչատուր Սիրադեղյանից, ով տեղեկացրել է, որ տեղամասում երեք վստահված անձինք խոչընդոտում են իր և «Իրավունք» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքը, թույլ չեն տալիս մոտիկ գալ՝ պատճառաբանելով, որ խանգարում են իրենց աշխատանքը։ Դիտորդի խոսքերով՝ իրենց վրա նաև հոգբանական ճնշում են գործադրում։

12։10 – Ծաղկաձոր, 25/28 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։

11:31 - Ախուրյան, 35/04 ԸՏ – «Իրավական շտապ օգնության» մեքենայի լրագրողն արձանագրել է, որ միկրոավտոբուսը ընտրողների է բերում տեղամաս և հետ տանում։ Մանրամասն՝ hetq.am/arm/news/23463/mikroavtobusy-uxevorner-e-texapokhum-yntratexamas.html

11։47 – Ապարան, 14/22 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է երկու հոգի մեկ քվեախցիկում, ինչն օրենքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահի միջամտությամբ խախտումը վերացվել է։

11։45 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը փորձում է օգնել կամ ուղղորդել ընտրողին։ Նա չի ներկայացրել, թե ոչ թեկնածուի վստահված անձն է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ վստահված անձն իրավունք չունի օգնել միայնակ քվեարկել չակրողացող ընտրողին։

11:30 - Երևան, 8/16 ԸՏ – «Իրավական շտապ օգնության» մեքենայի լրագրողն արձանագրել է, որ ամուսինը քվեարկել է կնոջ փոխարեն՝ առանց հանձնաժողովին տեղյակ պահելու կամ գրանցվելու՝ որպես օգնող։


Մանրամասն՝ www.aravot.am/2013/02/18/200743/

10։55-11։30 – Երևան, 13/32 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մեկ անձը մի քանի անգամ տարբեր ընտրողների օգնել է քվեարկել։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մեկ անձն իրավունք ունի այլ ընտրողի օգնել միայն մեկ անգամ։ Օգնելու իրավունք չունեն հանձնաժողովի անդամները և վստահված անձինք։

11։20 – Երևան – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի ընտրողից, ով հայտնել է, որ իր անձնագրից կնիքը ցնդել է ընտրելուց մեկ ժամ անց։ Նա քվեարկել է Երևանի թիվ 113 մանկապարտեզում գտնվող ընտրատեղամասում։ 

11։20 – Հրազդան, 25/10 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը ընտրատարածքում չէ։ Հանձնաժողովի քարտուղարը պարզաբանել է, որ ինքն է փոխարինում նախագահին, մինչ նա գնացել է ընտրելու։ 

10:30-10:55 - Գեղարքունիքի մարզ, Գավառ, 22/15 ԸՏ - Շրջայցի ընթացքում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում: Ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցել է թույլատրելի 15-ը, ինչի պատճառով ընտրատեղամասում կառնաշփոթ է առաջացել: Իրավիճակը շտկվել է 10:55–ի դրությամբ։ Ոստիկանները վերացրել են կուտակումը: 

10:52 - Ապարան, 14/21 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակում: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս ոմանց դուրս է հրավիրել ընտրատեղամասից: Ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 33 կետով սահմանված է՝ ընտրատեղամասում մարդկանց քանակը չպետք է 15-ից ավելի լինի:

10։35 – Երևան, 9/15 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը։

10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

08:55 - Երևան, 9/4 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

09։45-10։45 – Երևան, 9/27 և 9/28 ԸՏ – 0858s դեղին պետհամարանիշնմերով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պարբերաբար մարդկանց խմբեր է բերում Նորագյուղ։ Մանրամասն՝ http://www.aravot.am/2013/02/18/200814/

9:47 – Երևան, 5/24 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:

8:02 – Երևան, 9/3 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահ Գոհար Կարապետյանը լքել է ընտրատարածքը` սկզբում պատճառաբանելով, թե գնում է ներարկվելու, այնուհետև ասել է, թե գնում է քվեարկելու։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

10։22 – Ապարան, 14/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

09:00 - Գյումրի, 34/22 ԸՏ - ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:

09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Ահազանգ է եղել, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկու վստահված անձ, ինչը  օրենքի խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։

Լրացված – «Ընտրություններ 2013 - իրավական նախաձեռնության» մեքենաները եղել են տեղամասում 12։00-ին, որտեղ նրանց պարզաբանել են, որ երկու վստահված անձինք միաժամանակ չեն գտնվում տեղամասում, այլ փոխարինում են մեկը մյուսին։ Մանրամասն՝ http://nt.am/am/news/177120/

09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։

08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։

08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։ 

08։45 – Երևան, Ավան, 1/6 ԸՏ– Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։