ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ին կայացած նիստում հաստատեց, որ ՀՀ նախագահի ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա: Որոշմանը միաձայն կողմ քվեարկեցին ԿԸՀ բոլոր անդամները:

Այսպիսով՝ առաջադրված թեկնածուների ստացած ձայների վերջնական պատկերը հետևյալն է՝

Սերժ Սարգսյան – 861.373 ձայն (58,64%),

Րաֆֆի Հովհաննիսյան – 539.693 ձայն (36,75%),

Հրանտ Բագրատյան – 31.643 ձայն (2,15%),

Պարույր Հայրիկյան – 18.096 ձայն (1,23%),

Անդրիաս Ղուկասյան – 8.329 ձայն (0,57%),

Վարդան Սեդրակյան – 6.210 ձայն (0,42%),

Արման Մելիքյան – 3.520 ձայն (0,24%)։

Ըստ ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822, քվեարկությանը մասնակցած անձանց թիվն ըստ ստորագրությունների՝ 1 մլն 521 հազար 261 է, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 50 հազար 776:

Սահմանված ժամկետներում ԿԸՀ-ն ստացել է 57 դիմում՝ 47 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն, իսկ 10-ը՝ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելուն։ Դիմումները հիմնականում ներկայացրել են նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները։ Վերահաշվարկի մեկական դիմում ներկայացրել է Սերժ Սարգսյանի վստահված անձը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

10 ընտրատեղամասերում կատարվել է արդյունքների վերահաշվարկ, ինչը էականորեն չի փոխել նախնական արդյունքները։

Իսկ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներն, ըստ ԿԸՀ–ի, փաստական հիմքեր չեն ունեցել և մերժվել են։

Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակում էր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, մի խումբ ցուցարարներ ԿԸՀ-ի դիմացի այգում բողոքի ակցիա էին անցկացնում՝ վանկարկելով «ամոթ»: Նրանք համամիտ չեն ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ։

Ոստիկանները շրջապատել էին ԿԸՀ շենքը՝ թույլ չտալով ցուցարարներին մոտենալ մուտքին։