ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անժամկետ դասադուլ` նոր ընտրությունների պահանջով (լուսանկարներ)

Մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ փետրվարի 25-ից սկսվել է անժամկետ դասադուլ։ Այդ կերպ ուսանողները բողոքում են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: «Մենք պահանջում էինք չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունների արդյունքները և կազմակերպել նոր ընտրություններ»,– հայտարարում են նրանք:
Ակցիայի մասնակիցները Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից երթով շարժվեցին դեպի մյուս բուհեր՝ Պետական տնտեսագիտական համալսարան, Պետական բժշկական համալսարան, Ճարտարագիտական, Ագրարային համալսարաններ` հնչեցնելով իրենց պահանջները և ուսանողների կոչ անելով, ի նշան բողոքի, միանալ դասադուլին:
Սակայն ռեկտորների հրահանգով՝ բուհերի դռներն ու դարպասները փակել էին, որպեսզի ուսանողները դուրս չգան։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Ազատ, անկախ ուսանող» և բարձրախոսով հայտարարում, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։
Երթի մասնակիցները, անցնելով բուհերի մոտով, միացան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց հավաքված ցուցարարներին, որտեղ ևս մեկ անգամ հնչեցրեցին իրենց բողոքը:
«Երիտասարդ ընդվզում» նախաձեռնող խմբի անդամները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ ակցիայի ակտիվ մասնակիցներին սպառնացել են բուհից հեռացնել իրենց քաղաքացիական գործունեության պատճառով:
Սակայն ակտիվ ուսանողները հաստատակամ են և հայտարարում են, որ դասադուլը և բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև որ հասնեն արդարության հաստատմանը։ Այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 11։00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի է ունենալու հերթական հավաքը:
Ֆոտոշարքը՝ "PanArmenian Photo"-ի
