ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Մայիսի 6-ին, ժամը 10։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Բոլոր 464 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ հավաքած քվեների թվով առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Բարև, Երևան» դաշինքն են: Հենց այս ուժերից էլ կկազմվի Երևանի ավագանին:
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ստացած կողմ քվեաթերթիկների թիվը՝
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 235.512 (55,89 տոկոս)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 97.189 (23,07 տոկոս)
«Բարև, Երևան» կուսակցությունների դաշինք – 35.732 (8,48 տոկոս)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 18.499 (4,39 տոկոս)
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 15.999 (3,80 տոկոս)
«Օրինաց երկիր» կուսակցություն – 15.733 (3,73 տոկոս)
«Առաքելություն» կուսակցություն – 2.692 (0,64 տոկոս)
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոսը: Այսպիսով՝ Երևանի ավագանու կազմում կլինեն միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև, Երևան» դաշինքը:
Օրենքը սահմանում է նաև, որ 50 տոկոսից ավելի ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն դառնում է Երևանի քաղաքապետ։ Նախնական արդյունքների համաձայն` ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած վերջնական տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 816.478։ Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 53,55 տոկոսը՝ 437.212 ընտրող։
Քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը եղել ՝ 436.590, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 15.250: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 391.039 է։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ–ն կներկայացնի քվեարկության օրից հետո՝ 7-րդ օրը, այսինքն՝ մայիսի 12-ին:
