ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաներման որոշումը կտարածվի հազարից ավելի ազատազրկվածների վրա

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» հանրապետության նախագահի որոշումը։ Որոշմանը կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր 102 պատգամավորները։
Որոշումը ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի կողմից ստորագրելուց և հրապարակվելուց հետո։
ՀՀ արդարադատության նախարարի խոսքերով՝ նախատեսվում է, որ համաներումը կտարածվի շուրջ 1300 անձանց վրա, որից 400-500–ը անմիջապես ազատ կարձակվեն, իսկ մյուսների դեպքում կկրճատվի պատժի չկրած մասը։ Համաներման գործընթացը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը:
Համաներումը կկիրառվի միայն այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Այսպիսով՝ պատժից կազատվեն այն անձինք՝
•որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
•որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ,
•որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է նշանակվել (կան բացառություններ),
•որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել (կան բացառություններ),
•ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են,
•ում 60 տարին լրացել է,
•ովքեր հանցագործություն են կատարել մինչև 18 տարին լրանալը և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել,
•ովքեր սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի են կամ ունեն մինչև երեք տարեկան երեխա,
•ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են (կան բացառություններ) և այլն։
Համաներման որոշմամբ պատժի չկրած մասը կրճատվի նաև որոշ ծանր հանցագործությունների դեպքում՝ թրաֆիքինգ, մարդկանց շահագործում, առողջությանը ոչ դիտավորյալ ծանր վնաս պատճառելը, այլ անձանց դիտավորյալ ՄԻԱՎ-ով վարակելը և այլն։
Համաներումը չի տարածվի ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց վրա (սպանություն, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ, իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, լրտեսություն, բանդիտիզմ, ահաբեկչություն, դիվերսիա, ցեղասպանություն և այլն), ինչպես նաև՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:
