ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ն առաջարկում է ՀՀ օրենսդրական գործընթացն ավելի ճկուն և թափանցիկ դարձնել

Օրենսդրական գործընթացը Հայաստանի հանրապետությունում պետք է ավելի ճկուն և մասնակցային լինի՝ նշվում է Երևանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում։

«Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատում» զեկույցը պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով։ Զեկույցն առաջարկում է, որ օրենքների և քաղաքականությունների նախագծերի վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին և խորհրդակցելով նրանց հետ, ինչպես նաև, կատարվի օրենսդրության ազդեցության գնահատում թե՛ նախնական փուլերում, թե՛ ողջ օրենսդրական գործընթացի ընթացքում։

«Որպեսզի օրենքները լինեն արդյունավետ և իրագործելի, անհրաժեշտ է, որ դրանց ստեղծման գործընթացը լինի թափանցիկ և ներառական, և դրան նախորդեն խորը քաղաքական քննարկումներ»,– իր ելույթում նշել է ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նաթալի Թեգվեգերը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանին օրենսդրական գործընթացի բարեփոխման հարցում:

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասել է, որ զեկույցի նպատակն էր հասկանալ, թե որքանո՞վ է Հայաստանում օպտիմալ օրենքների մշակման գործընթացը, որքանո՞վ է կառավարությունը հաշվի առնում շահառուների իրավունքները, որքանո՞վ են որոշումներ կայացնելիս հաշվի առնում քաղաքացիական հասարակության կարծիքը, որքանո՞վ են համագործակցում կառավարությունը և Ազգային ժողովը մինչ խորհրդարանական լսումները;

«Բոլոր փուլերում էլ մենք ունենք խնդիրներ: Մասնավորապես՝ ես շատ եմ կարևորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ հասարակական սեկտորին ներգրավելու և նրա հետ համագործակցելու ձևաչափերից մեկն էլ նախարարներին կից գործող հանրային խորհուրդներն են։ –Բայց սա պետք է դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա. չլինի այնպես, որ մի նախարարությունում նման մարմին գործում է, մյուսում՝ ոչ: Պետք է միասնական մոտեցում լինի բոլոր պետական մարմինների համար»:

Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, մեծ հաշվով, համաձայն է զեկույցում առկա գնահատականներին և հատկապես այն գնահատականին, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ:

«Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին»,– ասել է նախարարը։

Գնահատման զեկույցը հիմնված է ԺՀՄԻԳ-ի Հայաստանի օրենսդրական գործընթացի վերաբերյալ 2013թ. կատարած նախնական գնահատման վրա, որն անդրադառնում էր միայն օրենսդրական գործընթացի իրավական ասպեկտին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից։