«Արմավիր» ՔԿՀ–ն կթեթևացնի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը (լուսանկարներ)

Նոյեմբերի 29-ին կայացավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա գտնվեց Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Շահագործման հանձնաված առաջին մասնաշենքը տեղավորում է 400 դատապարտյալ։ Եվս 800 դատապարտյալի համար նախատեսված երկրորդ և երրորդ մասնաշենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. ավարտին։

Քրեակատարողական հիմնարկն ամենամեծն է Հայաստանում և ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, համապատասխանում է միջազգային չափանիշներին։ 

Շահագործման հանձնվող բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, ընդհանուր առմամբ 96 խցերով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Բոլոր խցերը ապահովված են սանհանգույցով, մակերեսը 16-17քմ է (առանց սանհանգույցի)։

Հիմնարկն ունի երկարատև տեսակցությունների սենյակներ, գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց՝ երկու վիրահատարանով։
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ հիմնարկի շահագործմամբ կբարելավվեն դատապարտյալների կենցաղային պայմանները, որոշակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։ Նախարարի խոսքերով՝ այլ քրեակատարողական հիմնարկներից 400 դատապարտյալ շուտով կտեղափոխվեն «Արմավիր»։ Իսկ այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այդ դատապարտյալները, պատասխանեց, որ որոշումը կկայացնեն քերակատարողական ծառայության ղեկավարները՝ առաջնորդվելով հիմնարկների ծանրաբեռնվածության աստիճանից։

Միջոցառմանը ներկա հյուրերի և լրագրողների համար քրեակատարողական հիմնարկում շրջայց կազմակերպվեց:

Հիշեցնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով: 2009-2010 թվականներին այն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, իսկ 2011 թվականից՝ վերսկսվել: Հիմնարկը նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար: Նախատեսվում է, որ 1152 դատապարտյալ կբնակվի խցերում, իսկ 48 դատապարտյալ՝ սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում: Իսկ հիմնարկ ծառայողների ընդհանուր թիվը կլինի 200։

Քրեակատարողկան հիմնարկի տարածքն ապահովված է լինելու անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքա¬հա¬րող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: Փշալարերով պատնեշների բարձրությունը հասնում է 6 մետրի։