Պրոբացիայի ծառայության վերաբերյալ օրենսդրական փաթեթը հավանության արժանացավ

2016 թ մարտի 31-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ծառայությունն, օրենքով նախատեսված դեպքերում, իրականացնելու է հանցագործություն կատարելու մեջ մեղադվող կամ դատապարտված անձանց նկատմամբ վերահսկողություն, ուղղորդում և աջակցություն՝ նպատակ ունենալով նպաստել նրա վերականգնմանը և սոցիալական ինտեգրմանը, ինչպես նաև՝ ապահովել հանրային անվտանգությունը:

Ծառայությունն աշխատելու է հիմնականում հետևյալ խմբի շահառուների հետ.

  • անձ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց,
  • անձ, ում նկատմամբ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց,
  • անձ, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան,
  • անձ, ով պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է և ում նկատմամբ նշանակվել է փորձաշրջան,
  • անձ, ով պատիժը կրելուց ազատվել է կամ նրա պատժի կրումը հետաձգվել է:
  • հանցագործության մեջ մեղադրվող անձ, ում վերաբերյալ դատարանի պահանջով պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց:

Ըստ «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի՝ ծառայության խնդիրներն են.

1) քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը,

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարումը,

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի ծառայության շահառուի կարիքները,

4) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը,

5) պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը:

Ներկայացնելով նախագիծը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն անցել է երկարատև քննարկումների ճանապարհ, և կառավարության հաստատմանը հրատապ ներկայացնելը պայմանավորված է միջազգային պարտավորությունների կատարմամբ, ուստի խնդրել է այն ճանաչել անհետաձգելի:

Հիշեցնենք, որ չնայած օրենսդրական կարգավորումների բացակայությանը, 2015 թվականի հունիսից Երևանում և Վանաձորում գործում են Պրոբացիայի ծառայության պիլոտային գրասենյակներ, որտեղ աշխատում են քրեակատարողական ծառայության 20 վերապատրաստված աշխատակիցներ: Վերապատրաստման ծրագրերն իրականացվել են Եվրոպայի խորհրդի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ: Ըստ էության, Պրոբացիայի ծառայությունը գործելու է ՀՀ արդարադարտության նախարարության Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների հենքի վրա։

Պրոբացիայի ծառայության ստեղծմամբ ակնկալվում է, որ կկրճատվի կրկնահանցագործությունը, կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները, ինչը պետության և հասարակության համար շահավետ է ոչ միայն սոցիալական, այլև՝ ֆինանսական տեսանկյունից: