Ներառական կրթություն. Հիմնական խնդիրը կարծրատիպերն են

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության անմիջական մասնակցությամբ մշակվեց և 2005-ին ընդունվեց «Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որն ամրագրեց ներառական կրթությունը Հայաստանում։ Սակայն ներառական կրթության ներդրման ուղղությամբ «Հույսի կամուրջը» սկսել է զբաղվել դեռ 2001-ից՝ «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում։ Այսօր մեր հանրապետությունում գործում է շուրջ 60 ներառական դպրոց, որտեղ սովորում են կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող 1400-ից ավելի երեխաներ։

Ներառական կրթության նպատակների, ոլորտի շարունակական զարգացման մասին www.hra.am-ի հարցազրույցը «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանի հետ։

Ո՞րն է ներառական կրթության ներդրման նպատակը։
Հանրակրթական դպրոցներում ներառական կրթության իրականացման նախաձեռնությունը սկսվեց 2001-ին։ Ներառական կրթությունը կրթություն է բոլորի համար, դա կրթության կազմակերպման մի այնպիսի ձև է, որը ենթադրում է, որ որևէ մի երեխա իր ֆիզիկական, մտավոր, սոցիալական տարբեր խնդիրների պատճառով կրթության ոլորտում դժվարությունների առաջ կանգնելու կամ այլ պատճառներով չի կարող դուրս մնալ հանրակրթությունից։ Սկզբունքը հետևյալն է՝ կրթությունը պետք է այնպիսին լինի, որ կարողանա բոլոր երեխաների կրթությունը կազմակերպել նույն հանրակրթական դպրոցում։
Եթե որևէ մի երեխա, գտնվելով այդ դպրոցում, չի կարողանում լիարժեքորեն մասնակցել կրթական գործընթացներին, ներառական կրթությունը դիտարկում է, որ խնդիրը ոչ թե երեխայի մեջ է, այլ երեխայից դուրս՝ դա կարծրացած դասավանդման մեթոդներն են, երեխայի կարիքների վրա չհիմնված կրթական ծրագրերը, կանխակալ կամ ոչ ճիշտ վերաբերմունքը երեխաների մեջ եղած մտավոր, ֆիզիկական կամ այլ տարբերությունների նկատմամբ, երբ հաշմանդամ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները տարբեր կարծրատիպերի արդյունքում ընկալվում են որպես երեխաներ, ովքեր պետք է կրթություն ստանան միայն հատուկ դպրոցներում և այլն։
Ներառական կրթությունը փորձում է մի կողմից ավելի ճկուն դարձնել մեր կրթական ծրագրերը, չափորոշիչները, որպեսզի յուրաքանչյուր երեխայի այն դառնա հասանելի, աջակցել երեխաներին, որպեսզի ավելի զարգացնեն իրենց հնարավորությունները և կարողանան ավելի ներառված զգալ իրենց կրթության գործընթացում, մյուս կողմից՝ փոխել ավանդական դարձած մոտեցումները, վերաբերմունքը կրթության նկատմամբ և կրթությունը դարձնել իսկապես կրթություն բոլորի համար։

Ի՞նչ հիմնական խոչընդոտների հանդիպեցիք նոր համակարգը ներդնելիս։
Խոչընդոտներ, անշուշտ, շատ են եղել և մինչև հիմա էլ կան։ Ամենակարևոր խոչընդոտը վերաբերմունքն է, առաջին հերթին՝ մանկավարժների։ Ամենադժվարը, որ մանկավարժները իրենք կարողանան իրենց մեջ իսկապես կոտրել «աշակերտ» հասկացության նկատմամբ իրենց ավանդական, հին կարծրատիպը։ Յուրաքանչյուր աշակերտ անհատականություն է, և ուսուցիչը պետք է ճկուն մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։ Կրթությունը չի նշանակում, որ դասարանում պետք է լինեն երեխաներ, որոնք կես բառից արդեն ընկալում են ամեն ինչ։ Բնականաբար, ամեն ուսուցիչ շատ կուզենար, որ էդպես լիներ, բայց երեխաները տարբեր են։ Նրանց սովորելու գործընթացը ճիշտ կազմակերպելու համար երեխաների անհատականությունը պետք է հաշվի առնված լինեն ուսուցիչների մեթոդներում, դասավանդման բոլոր տեխնոլոգիաներում։ Սա է հիմնական դժվարությունը, որին մենք առնչվում ենք։
Մյուս խնդիրը օրենսդրությունն է։ Չենք կարող մի կողմից ասել ներառական կրթություն, մյուս կողմից ունենալ առանձին օրենքներ, առանձին չափորոշիչներ, մոտեցումներ։ Չի կարող էդպես լինի, ներառական կրթությունը ենթադրում է ամեն ինչ ներառված։ Սա իսկապես այսօրվա զարգացման փուլում դառնում է լուրջ խոչընդոտ։ Այդ իսկ պատճառով կա առաջարկություն, և մենք էլ արդեն աշխատանքներ ենք ձեռնարկում «Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող անձանց մասին» օրենքը ներառելու «Հանրակրթության մասին» օրենքում, այսինքն՝ ներառական կրթության երաշխիքները ավելի ներառական մոտեցմամբ ամրագրելու համար։
Մյուս խոչընդոտը հասարակության և որոշում կայացնողների մտածելակերպն է։ Մինևնույն է, մարդկանց շատ շատերի մոտ դեռևս կար մտավախություն, թե ինչպե՞ս կարող են հիվանդ երեխաները լինել սովորական դպրոցում, արդյո՞ք այդ երեխաների համար դժվար չի լինի, արդյո՞ք այդ երեխաներին չեն ծաղրի, և ճիշտ հակառակ մոտեցումը՝ արդյո՞ք այդ երեխաները վատ չեն անդրադառնա մյուս երեխաների վրա իրենց ներկայությամբ, արդյո՞ք 45 րոպե դասաժամը բավարար կլինի ուսուցչի համար անհատական մոտեցում ցուցաբերելու և այլն։
Իմ կարծիքով, սա բնական ընթացք է։ Մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը և համոզմունքները՝ տեսնելով փորձը։ Արդեն բավական հաջող փորձ կա կուտակված Հայաստանում, նաև անհաջող կողմեր կան, որոնք անընդհատ շտկման կարիք ունեն։ Կրթությունն ինքը, սկզբունքորեն, զարգացող գործընթաց է։

Այս տարվա հոկտեմբերին հուշագիր կնքվեց Կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների միջև, որով կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Հայաստանում ներառական կրթության զարգացման ուղղությամբ։ Ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում հուշագրի շրջանակներում։
«Դեպի կրթություն բոլորի համար» ծրագիրը հատուկ կարիքի կրթության ոլորտում իսկապես բարեփոխումներ առաջացրած մի երկարատև ծրագիր է, որն իր առաջին փուլում նախ ստեղծեց հատուկ կրթական չափորոշիչներ այն ժամանակ, երբ կարիք կար ունենալ նաև մտավոր թեթև, ծանր և միջին խնդիրներ ունեցող երեխաների կրթական չափորոշիչներ։ Եվ ստեղծվեցին այդ չափորոշիչները, որոնք այնքան լավն են, որ այսօր, նույնիսկ եթե մենք ունենանք միասնական հանրակրթության չափորոշիչներ, դրանք լավ ձեռնարկ են ուսուցչի համար՝ այդտեղից դասի պլանավորման, կազմակերպման համար նյութեր վերցնելու առումով։
Առաջին փուլում վերապատրաստվեցին հանրապետության թվով 17 հատուկ դպրոցների մանկավարժները, ինչպես նաև այդ ժամանակ թվով 6 ներառական դպրոցների բոլոր ուսուցիչները։
Երկրորդ փուլում, հաշվի առնելով փորձը, քաղած դասերը, ավելի կենտրոնացավ զարգացնելու, խթանելու ներառական կրթությունը Հայաստանում, ձեռքբերածը դարձնելու մեր կրթական կառույցների սեփականությունը։ Ներառական կրթության վերապատրաստման փաթեթով կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ վերապատրաստվեցին մանկավարժները, և ծրագրի երկրորդ փուլում ներառական դպրոցների թիվը ավելացավ ևս 18-ով։
Եկավ ծրագրի 3-րդ փուլը։ Ծրագրի ընթացքում ստեղծված նյութերը, ռեսուրսները կիրառելով, լրամշակելով՝ պետությունը կարող էր ավելացնել ներառական դպրոցների ցանկը։ Բայց խնդիր էր դեռևս ապագա մանկավարժների կրթության հարցը։ Միևնույն է, նրանց կրթական ծրագրերում բացակայում են ներառական կրթությանը համահունչ տարբեր թեմաները և, մասնավորապես, հատուկ կարիքի թեմաները։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք ավելի կայուն տեսնենք ներառական կրթության զարգացումը, ապա յուրաքանչյուր ուսուցիչ պետք է արդեն իսկ նախնական մասնագիտական կրթության ընթացքում իմանա, որ դասարանում բոլոր երեխաները տարբեր են, և ինքը պետք է ստանա այն գիտելիքները, որոնք հետագայում կիրառելով՝ կարողանա յուրաքանչյուր երեխայի կրթությունը ի նպաստ երեխայի կազմակերպել։ Միայն վերապատրաստումը քիչ է։
Եվ դա էր պատճառը, որ ծրագիրը կենտրոնացավ մանկավարժական համալսարանի վրա։ Արդյունքում մենք կունենանք առնվազն մեկական պարտադիր կրեդիտ ներառական կրթության հարցերով բակալավրիատի մակարդակում և մագիստրատուրայում։ Ինչպես նաև համատեղ կաշխատենք ԿԳՆ հետ։ Այս ընթացքում բարեփոխվելու են նաև մանկավարժական համալսարանների կրթական ծրագրերը, որպեսզի դրանցում ներառվեն հատուկ կարիքին վերաբերող նյութեր, դասեր։ Երկու տարի է ծրագրի տևողությունը։ Ես կարծում եմ, որ հաջող իրականացման ընթացքում կարելի է ասել, որ այլևս մեր պետական կառույցներից ու կրթական հաստատություններից է կախված լինելու ներառական կրթության շարունակական զարգացումը, իսկ մենք՝ ՀԿ-ներս պետք է անընդհատ աշխատենք ու աշխատենք փոխելու վերաբերմունքը։ Իսկ վերաբերմունքը ծնունդ է սխալ կարծրատիպերի կամ կանխակալ, ոչ ճիշտ անհանգստությունների։
Փաստորեն, երկու տարի հետո մենք կսկսենք կրթել ապագա մանկավարժների, որոնք դպրոց մտնելուց արդեն կունենան այն հիմնական գիտելիքները, որոնք հետագայում պետք է փորձեն իրենց պրակտիկայում կիրառել և զարգացնել։

Վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել։
Ես մի բան կուզենամ ասել։ Չի կարող կրթությունը համարվել որակյալ և չի կարելի ասել՝ մեր երկրում կրթությունը բոլորի համար է, եթե այդ կրթության մեխանիզմները, կազմակերպման գործիքները դեռևս ունեն բացառումներ երեխաների համար։ Այսինքն՝ ներառական կրթությունը իսկապես հնարավորություն է ոչ միայն բարելավելու մեր կրթության որակը, այլև, ընդհանրապես, մեր հասարակությունը։ Ներառական կրթությունը շատ ավելին է, քան միայն դպրոցական կրթություն։ Դա մտածելակերպ է, դա վերաբերմունքն է վաղվա հասարակության։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am