ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրոբացիոն ծառայության ներդրմամբ կունենանք ավելի արդյունավետ արդարադատություն
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի հետ:
Հասարակական կազմակերպությունները, վերջերս՝ նաև նախարարությունը, շատ են խոսել պրոբացիոն ծառայության ներդրման անհրաժեշտության մասին։ Ի վերջո, ե՞րբ է նախատեսվում Հայաստանում ներդնել և գործարկել պրոբացիոն ծառայությունը։
Նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016 թվասկանների իրավական և դատական բարեփոխումների միջոցառումների ցանկով նախատեսված է պրոբացիոն ծառայության ստեղծման կապակցությամբ համապատասխան իրավական ակտերի մշակումը: Նախատեսված է ստեղծել պրոբացիայի առանձնացված ծառայություն՝ քրեակատարողական ծառայությունից անջատ։
Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ պլանավորված է ծառայության ստեղծումը 2014 թվականի հունվարից, և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվում են, մասնավորապես, օրենսդրական ակտերի նախագծերը մշակված են և առաջիկայում՝ հուսով եմ, հունիսին արդեն պաշտոնապես շրջանառության մեջ կդրվեն:
Ինչ վերաբերում է գործնական բնույթի միջոցառումներին, ապա պրոբացիոն ծառայության կառուցվածքի, հաստիքային միավորների հաշվարկի, կադրերի ընտրության վերաբերյալ չափորոշիչների առումով արդեն իսկ աշխատանքներ արված են։ Կարծում եմ, մեզ կմնա տարվա երկրորդ կեսում կադրերի ընտրության, նախնական վերապատրաստմանն ուղղված աշխատաքներ իրականացնել:
Ի՞նչ առավելություններ ունի պրոբացիոն համակարգը և ի՞նչ կտա Հայաստանին:
Առավելությունները շատ են: Ասեմ, որ, պրոբացիոն աշխատանքների իրականացման առումով ծառայությունն իրավասություններ է ունենալու մինչդատական, դատավարական, պատժի կրման փուլում և պատժի կրումից հետո՝ հետպենիտենցիար փուլում։
Իրավասությունները հետևյալն են՝ մինչդատավարական փուլում աջակցություն որոշում կայացնողներին, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս ճիշտ կողմնորոշվելու առումով աջակցություն դատավորներին: Դատական փուլում՝ աջակցություն պատժի նշանակման, պատժի տեսակի և չափի որոշման առումով, մասնավորապես՝ հանցագործություն կատարած սուբյեկտի կերպարի սոցիալական արժևորման վերաբերյալ։ Պատժի կրման փուլում, ըստ էության, արդեն պատժից ազատման նախապատրաստմանն ուղված աշխատանքներ, պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման առումով զեկույցների ներկայացում։ Եվ հետպենիտենցիար փուլի համար արդեն սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն:
Այս իրավասությունների առումով հատկապես կարևոր են մինչդատական փուլում կիրառվելիք խափանման միջոցների՝ տնային կալանքի և վերահսկողության տակ պահելու իրավասությունները, որոնք սահմանված են նոր Քրեական դատավարության օրենսգրքով։
Մյուս կարևոր իրավասությունը, որը կուզենայի նշել, պատիժը պայմանականորեն չկիրառելու ժամանակ էլեկտրոնային մոնիտորինգի կիրառումն է և, իհարկե, պայմանական վաղաժամկետ ազատվելիս էլի էլեկտրոնային մոնիտորինգի ներդրումն է:
Եթե ընդհանրացնենք, մենք կարող ենք ասել, որ այս իրավասությունների կոնտեքստում մենք կունենանք էլ ավելի արդյունավետ արդադատություն, էլ ավելի արդյունավետ պատժի կատարում և էլ ավելի, այսպես ասած, ճիշտ ձևով ուղղված անձի վերադարձ դեպի հասարակություն:
Պրոբացիոն ծառայության ներդրման ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ կան կամ հնարավոր է, որ լինեն՝ հաշվի առնելով, որ նոր է համակարգը ներդրվում:
Այս համակարգը, կարելի է ասել, ամբողջությամբ նոր չէ, քանի որ որոշակի ատրիբուտներ արդեն մենք ունենք՝ թե՛ օրենսդրական իմաստով, թե՛ գործնական կյանքում, բայց նորամուծություններ բավականին լինելու են:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ապա, կարծում եմ, մենք կունենանք միայն ֆինանսական խոչընդոտներ, ֆինասական ռեսուրսի պակասի խոչընդոտ: Ինչո՞ւ, քանի որ այն ամենը, ինչ քիչ առաջ ներակայացնում էի, մասնավորապես՝ էլեկտրոնայն մոնիտորինգի կիրառում կամ պատշաճ գրասենյակային պայմաններ աշխատանքները կազմակերպելու համար, մենք այդ ամենն ապահովելու խնդիր ունենք։
Տեսականորեն, կարծում եմ, սրանից բացի որևէ խոչընդոտող հանգամանք չունենք, բացի նրանից, որ օրենքները պետք է քննարկվեն ԱԺ–ում, ինչը միգուցե առաջացնի կամ չառաջացնի խնդիրներ, որոնք արդեն մեզնից կախված չեն:
Նշեցիք, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կարող է լինեն, իսկ որտեղի՞ց է լինելու ֆինանսավորումը՝ բյուջեի՞ց, թե՞ արտաբյուջետային միջոցներից:
Հիմքն, իհարկե, պետական բյուջեն է, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ բացի պետական բյուջեից որևէ այլ՝ օրենքով չարգելված աղբյուր այս պահին ունենք։ Մենք ունենք տարբեր համագործակցության ծրագրեր, որը վերաբերում է փորձի փոխանակմանը, վերապատրաստման ծրագրերին։ Այս առումով համագործակցության եզրեր ունենք մասնավորապես Ամերիկյան կողմի հետ։ Բայց կոնկրետ համակարգի ստեղծման առումով ֆինանսական ռեսուրսների ներդրում դեռևս այս պահին չեմ կարող ասել, որ ունենք։ Հնարավոր է, որ ունենանք, բայց հիմա չեմ կարող ասել:
Ի՞նչ կառույցի շրջանակներում է գործարկվելու պրոբացիոն ծառայությունը:
Պրոբացիոն ծառայությունը գործելու է արդարադատության նախարարության համակարգում՝ որպես առանձին ծառայություն։ Կազմակերպաիրավական կարգավիճակը, կարծում եմ, արդեն երկրորդ պլանի է, դա դեռ պետք է քննարկվի։
Իսկ ինչպե՞ս է պրոբացիոն ծառայությունը համագործակցելու այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հետ:
Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որ գործում է քրեակատարողական վարչության կազմում, պրոբացիան ծառայության գործարկմամբ իր իրավասությունները կդադարեցնի: Ըստ նախագծի այդպես պետք է լինի, պայմանական եմ ասում:
Իսկ համագործակցություն լինելո՞ւ է ոչ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։ Կան կազմակերպություններ, որոնք ունեն վերականգնողական կենտրոններ և բավական փորձ ու ռեսուրսներ ունեն։
Մենք ոչ միայն ասում ենք, որ կարող է լինել համագործակցություն, այլ նաև օրենսդրորեն, ենթաօրենսդրական դաշտում դա ավելի կարևորելու և ողջունելու ենք՝ մասնավորապես, այդ համագործակցության որոշ տեսակներ, համագործակցության որոշ մեթոդներ նախանշելով:
Չգիտեմ, տեղյակ եք թե ոչ, որ Փի–Էյչ ինթերնեշնլ կազմակերպության անչափահասների վերականգնողական կենտրոնները ֆինանսավորման խնդրիների պատճառով փակման վտանգի տակ են և պետությունը չի ստանձնելու դրանց ֆինանսավորումը։ Հնարավո՞ր է, որ այդ կենտրոնների ռեսուրսներով ստեղծվեն պրոբացիոն ծառայությունները:
Համագործակցություն նրանց հետ հաստատ կլինի, բայց դրանց բազայի վրա հաստատ ոչինչ չենք կառուցի, քանի որ դա հանրային սեկտորին է պատկանում:
Իսկ մասնագետների խնդիր ինչպե՞ս է լուծվելու։ Այն հոգեբաններն ու սոցիալական աշխատողները, որոնք հիմա աշխատում են քրեակատարողական հիմնարկներում, ներգրավված լինելո՞ւ են պրոբացիոն ծառայության մեջ։
Եթե ցանկություն կունենան անցում կատարել այս ծառայություն, այո, բայց, ցավոք սրտի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը, որը մենք ունենք, այնտեղ աշխատող հոգեբանները և սոցաշխատողները այդքան շատ չեն, եթե չասեմ, որ չկան:
Մասնագետների խնդիր ունենք և կադրերի ընտրություն, հավաքագրում տարվա երկրորդ կեսին պետք է իրականացնենք: Մասնագետների և՛ քանակի, և՛ նրանց մասնագիտական պատրաստվածության առումով խնդիր ունենք: Տարբեր բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ ունենք այս ստորաբաժանման մեջ, հիմնականում՝ իրավաբաններ, բայց ոչ բոլորն են, որ ցանկություն կունենան կամ հնարավորություն կունենան անցում կատարել պրոբացիոն ծառայություն։ Այսինքն՝ նոր կադրերի ընտրության, հավաքագրման խնդիր մենք ունենք:
Քննարկվում էին պրոբացիոն համակարգի մի քանի մոդելներ, դրանցից ո՞րն ընտրվեց և ինչո՞ւ հենց դա:
Նախ ասեմ, որ եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությամբ կարող ենք ասել, որ որևէ մեկ միասնական մոդել չկա և շատ խայտաբղետ են այդ մոդելները: Մենք, իհարկե, համագործակցություն եվրոպական մի քանի երրկրների և ամերիկյան կողմի հետ ունենք: Ունենք նաև մշակված մեր ռազմավարությունը, թե ինչպիսին պետք է լինի պրոբացիայի ծառայությունը, որի հիման վրա էլ մշակվում են համապատասխան օրենսդրական ակտերը:
Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի