Գործում կասկածելի շատ են իրականությունը կոծկող «պատահականությունները»

Հարցազրույց ընտանեկան բռնության զոհ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Մինասյանի հետ։

Ի՞նչ հիմքերով էր կարճվել Մարո Գուլոյանի գործը, և ինչպե՞ս հասաք գործի վերաբացմանը:

Գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով, սակայն նախաքննության մարմինը բազմակողմանի քննություն չէր իրականացրել. բազմաթիվ թերություններ կային, օրինակ՝ նախաքննության մարմինն ինչ-ինչ պատճառներով չէր նկատել շատ փաստեր, որոնց մասին մենք բարձրաձայնում էինք: Հակասություններ կային վկաների տված ցուցմունքներում՝ դեպքի ժամի, Մարո Գուլոյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ: Այդ հակասությունները նախաքննության մարմինը կա՛մ չէր նկատել, կա՛մ չէր ցանկացել նկատել՝ բացահայտելու ու պարզաբանելու համար: Եվ անհասկանալի պատճառներով գործը կարճվեց: Մենք դիմեցինք դատախազություն՝ կարճման որոշումը բողոքարկելու համար, և մեր պահանջը բավարարվեց: Սա նշանակում է, որ դատախազությունն էլ հաստատեց, որ նախաքննության ժամանակ թերություններ ու խախտումներ են եղել:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ թերություններ են եղել նախաքննության մարմնի կողմից:

Նախաքննության մարմնի աշխատանքներում մի շարք թերություններ են եղել: Այդ մարմինը, կարծես, զուտ ձևական էր իրականացնում քննությունը՝ առանց տարբեր հանգամանքների համադրումների և վերլուծությունների: Սրան գումարվում էր նաև տարբեր փորձաքննությունների երկարատև ընթացքը:

Դատաբժշկական փորձագետներն էին շատ ագրեսիվ, պաշտպանողական դիրք բռնել: Օրինակ՝ երբ մենք պահանջեցինք կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած դատաբժշկին հարցաքննել իր տված եզրակացության որոշ հարցերի շուրջ, ստացված պատասխանները մեծ մասամբ կապ չունեին մեր առաջադրած բժշկական բնույթի հարցերի հետ:

Սա համատարած խնդիր է, և այսօր դժվար է հասնել նրան, որ որևէ դատաբժիշկ հաստատի իր կոլեգայի կողմից թույլ տրված էական սխալը, խախտումը:

Նշեմ նաև, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը կցված չեն դիակի լուսանկարները, որը պարտադիր է բոլոր քրեական գործերում: Իսկ այստեղ այն բացակայում է՝ «ժապավենը լուսանկարելիս վնասվելու» պատճառաբանությամբ:

Այս գործում ինչ-որ շատ են այս տեսակ իրականությունը կոծկող «պատահականությունները»:

Ներկայումս ձեր և տուժողի իրավահաջորդի առաջնային խնդիրները որո՞նք են այս գործի շրջանակներում:

Այս պահի դրությամբ՝ մեր առաջնային նպատակն է ամեն կերպ գործի քննությունը տեղափոխել Երևան, այսինքն՝ եթե դատախազությունը գտել է, որ նախաքննության մարմինը բացթողումներ է թույլ տվել, և գործի քննությունը նորից հանձնարարում է նույն մարմնին, դա առնվազն աբսուրդ է:

Մենք արդեն գրավոր դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննությունը Կոտայքի մարզից Երևան տեղափոխելու խնդրանքով։ Սա վերջին տարբերակն է, որը կարող է ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, և մենք հուսով ենք, որ դատախազությունն ընդառաջ կգնա մեր հիմնավորված պահանջին և, միգուցե, այս գործի նորմալ քննության ընթացքում կբացահայտվի տեղի ունեցածը:

Ի՞նչ հիմքեր ունեք կարծելու, որ Մարո Գուլոյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել է ամուսինը: Կոնկրետ փաստեր կա՞ն:

Մենք չենք պնդում, որ ամուսինն է սպանել Մարո Գուլոյանին: Մենք պարզապես ցանկանում ենք, որ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացվի, քանի որ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք կասկած են հարուցում ինքնասպանության վարկածի վերաբերյալ: Մեկը ես արդեն նշեցի՝ դա վկաների տրված ցուցմունքներում առկա հակասություններն են: Մյուս կասկածելի հանգամանքը ինքնասպանության պատճառն է, որը հիմք ընդունելով՝ գործը կարճվել է:

Ինքնասպանության պատճառը, ըստ նախաքննության, այն է, որ, իբր, երկու օր առաջ Մարոն խնդրում է ամուսնուն իրեն օգնել գորգը լավանալ, ամուսինը հրաժարվում է օգնել և դրանից նեղվելով՝ Մարոն ինքնասպանություն է գործում:

Մյուս պատճառաբանությունն էլ այն է, որ Մարոյի մայրը հոգեկան շեղումներ է ունեցել, բայց այդ կինը Մարոյի խորթ մայրն է եղել, և գենետիկական կապ չկա նրանց միջև, և Մարոյի երկու եղբայրները նույնպես ինքնասպանություն են գործել, բայց այդ տղաները Մարոյի խորթ եղբայրներն են՝ նրա հոր առաջին կնոջից:

Այս փաստերի վրա հիմնվելով, սա ընդունելով որպես ժառանգական հիվանդություն՝ նախաքննական մարմինը ենթադրել է, որ դա, միգուցե, ժառանգական է, և Մարոն կարող էր ինքնասպանություն գործել: Սակայն նախաքննության մարմինը որևէ գենետիկական փորձաքննություն չի նշանակել կամ տեղեկություններ հավաքագրել Մարոյի հոգեկան առողջության վերաբերյալ:

Ըստ ձեզ՝ նախաքննության մարմնի կողմից թույլ տրված թերություններն ինչի՞ արդյունք են:

Կա երկու տարբերակ՝ օրենքի խախտում անտեղյակության պատճառով կամ դիտավորյալ՝ հաշվի առնելով Մարոյի ամուսնու ազգակցական կապը Աբովյանի հայտնի Գուլոյանների հետ:

Սակայն երկու տարբերակում էլ հետևությունը մեկն է` տեղի են ունեցել օրենքի էական խախտումներ, և Կոտայքի մարզը չպետք է շարունակի գործով քննություն իրականացնել:

Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի