Միակողմանի ինքնորոշումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին

Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները Հայաստանի և Սլովենիայի նախագահներին խնդրեցին գնահատել տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հարաբերակցությանը' հիմք ընդունելով Կոսովոյի անկախության փաստը և հանգամանքը, որ դա առաջին և վերջին դեպքը չէ: 

Ի պատասխան Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն ընդգծեց, որ երկու սկզբունքներն ինքնաբերաբար չեն գործում, այլ հաջորդում են մինչ այդ եղած որոշակի քայլերի ու իրադարձությունների: Հանգամանալից անդրադարձ կատարելով Սերբիայի կազմից Կոսովոյի դուրս գալու պատմությանը' ներառյալ արտաքին ռազմական միջամտությունն ու միջազգային վարչակազմի հաստատումը, Դանիլո Թյիրկն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը խնդրի առնչությամբ խորհրդատվական որոշման մեջ խուսափել է խոսել հայ լրագրողների բարձրացրած հարցի մասին' միաժամանակ փաստելով, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին:
 
«Թե տարածքային ամբողջականության, թե ինքնորոշման սկզբունքը ինքնին և ինքնաբերաբար չեն գործում: Յուրաքանչյուր դեպք առանձին է և առանձնահատուկ, և յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են լուծումներ, որոնք կհամապատասխանեն և միջազգային իրավունքի նորմերին, և տվյալ իրավիճակի առանձնահատկություններին»,- եզրափակեց Սլովենիայի նախագահը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականը հետևյալն էր.«Խորապես համոզված եմ, որ ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, և չի կարելի բոլոր դեպքերը մի սանրի տակով անցկացնել: Բայց իրավական որոշումները պետք է բխեն նույն սկզբունքից»: 

Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի գործը քննում էր մեկ հարցի պատասխան տալու համար. «Միակողմանի ինքնորոշման հռչակումը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե՞ ոչ: Պատասխանը եղավ' ոչ, չի հակասում»: 

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության նախապատմությանը' Նախագահ Սարգսյանը հիշեցրեց խորհրդայնացման տարիներին Արցախն Ադրբեջանին բռնակցելու և ԽՍՀՄ փլուզման ընթացքում ԼՂ բնակչության միակողմանի ինքնորոշվելու փաստերը: 

«Այնսիքն' գործել են միջազգային իրավունքին համահունչ»,- ընդգծեց հանրապետության ղեկավարն ու հիշեցրեց, որ ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված պատերազմ սանձազերծեց, որտեղ «ղարաբաղցիները Հայաստանի և հայ ժողովրդի օգնությամբ հաղթանակ տարան»: 

Նախագահ Սարգսյանի խոսքով, Կոսովոսի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներում էական տարբերությունը հենց այդ է. «Լեռնային Ղարաբաղը հաղթել է սեփական ուժերով, առանց ՆԱՏՕ-ի օգնության, և այժմ համբերատար սպասում է այն պահին, երբ միջազգային հանրությունը կճանաչի նրա միակողմանի հռչակած անկախությունը»:

Տեղեկացնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել' խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ'2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: 
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը' շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

http://panorama.am