Սևանա լճում ձկնորսությունն ընդհանրապես արգելված է, բայց վաճառքում ոչ միայն սիգ կա, այլ նաև ձկնկիթ

«Այսպիսի վատ վիճակ, ինչպիսին ունենք այս վերջին տարիներին Սևանա լճի ձկնային պաշարների հետ կապված, Սևանի պատմության մեջ դեռ չի գրանցվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այսօր Սևանում արդյունագործական նշանակության ունեցող ձկնատեսակներ չկան: «Այսօր մեր արժեքավոր ձկնատեսակները' իշխանը, կողակը, բեղլուն արդյունագործական պաշարներ չունեն»,- ասաց նա և հավելեց, որ դրա պատճառները տարբեր են' տարբեր ձկնատեսակնեի համար: Բ. Գաբրիելյանի խոսքով, օրինակ, իշխան ձկնատեսակի պաշարը խզվեց, քանի որ լճի մակարդակը մի քանի տարի առաջ իջել էր, որի արդյունքում ձվադրավայրերը մնացել էին ափերին և չորացել: «Բացի դրանից իշխան ձկան պաշարի գրեթե ոչնչացման պատճառ դարձավ ձկնագողությունը»,-ասաց ինստիտուտի տնօրենը:

Բանախոսը նշեց, որ Սևանա լճում սիգ ձկան պաշարի նվազման պատճառ դարձավ գերորսը: «Սևանա լճում սիգի բազմացման պայմանները բարենպաստ էին, սակայն անխնա որսը բերեց այդ ձկան տեսակի պաշարների խզմանը»,- ասաց նա և հավելեց, որ այսօր Սևանում սիգի արդյունագործական պաշար գոյություն չունի, իսկ ընդհանուր պաշարը կազմում է 170-180 տոննա: Նրա խոսքով, 1980-1990 ական թվականների սիգ ձկան պաշարը Սևանա լճում կազմել է 30 հազար տոննա:

Նա նշեց, որ արդեն չորս տարի է լիճը համալրվում է արհեստական աճեցված ձկներով: «Իհարկե դա դրական արդյունք տալիս է, սակայն ոչ արդյունավետ է, քանի որ որսագողությունը Սևանում շարունակվում է: Եթե ձկնորսությունը լճում շարունակվում է, ապա անիմաստ է արհեստական աճեցված ձկները լիճը լցնել»,- հավելեց նա:

Բարդուխ Գաբրիելյանի խոսքով, չնայած նրա, որ այսօր Սևանա լճում ձկնորսությունն ընդհանրապես արգելված է, սակայն շուկաներում մենք կարող ենք ականտես լինել, որ ոչ միայն սիգ են վաճառում, այլև սիգի ձկնկիթ: «Այսօր ոչ մի միջոցառում չի իրականացվում, որպեսզի պայքարեն ձկնորսության դեմ»,- հավելեց նա:

http://panorama.am