Սպառողների իրավունքները պաշտպանված չեն

«Այն հացը, որը այսօր վաճառվում է մեր հանրապետությունում «քիմիա» է», ահազանգում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ակադեմիկոս, տեխնոլոգ Ալեքսանդր Սելինյանը, ով հոկտեմբերի 7-ին «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբի հյուրն էր։

Սելինյանի խոսքերով՝ տարեկան 800 տոննա խմորի բարելավիչ է ներմուծվում Հայաստանի Հանրապետություն, որը քիմիական նյութ է եւ վտանգավոր է առողջության համար։

Ըստ նրա՝ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ հաց թխողների մեջ գրեթե չկան մասնագետներ։ «Մենք պատրաստ ենք աջակցել, սովորեցնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բնական հաց թխել»,- ասում է Ա.Սելինյանը։

Նա մի քանի մասնագետների հետ մշակել է հացի բնական հավելանյութ՝ «Հացաթան», որը պարունակում է թթվակաթնային շիճուկ, ածիկ եւ հացի թեփ։ Սելինյանը իր հետ բերել էր իր տեխնոլոգիայով պատրաստված բնական հաց եւ ներկաներին առաջարկում էր համտեսել եւ համեմատել շուկայում վաճառվող «քիմիայի» հետ։ «Քիմիան 1600 դրամ է մեկ կիլոգրամը, մենք պատրաստ ենք կես գնով վաճառել բնական հավելանյութ՝ «Հացաթան»,- օգտվելով առիթից' տեխնոլոգը ներկայացրեց իր ապրանքը։

Հացի տեխնոլոգը հերքում է այն մոտեցումը, թե առանց թթխմոր հացը դիետիկ է. «Հացաթխման մեջ եթե թթխմոր չկա, դա հաց չէ։ Աղավաղել են այդ հասկացությունը։ Դրոժը պատրաստի հացի մեջ է շատ վտանգավոր։ Եթե հացի թխման տեխնոլոգիան խախտում են, օգտագործում են քիմիա (բարելավիչներ եւ փխրեցուցիչներ), խմորը իր բնական պրոցեսները չի անցնում, չի հասունանում, ֆերմենտներ չի արտադրում, թթխմորը եւ օսլան մնում են մեջը։ Քիմիայի ազդեցությամբ թթխմորի մեջ եղած կենդանի բջիջների մի մասը պատճավորվում է եւ մտնում օրգանիզմ, որը վտանգավոր է աղիստամոքսային տրակտի համար։ Իսկ բնական հացի մեջ թխվելու ընթացքում՝ 45-50 աստիճանում թթխմորի բջիջները բացվում են եւ դրանք շատ օգտակար բնական նյութեր են պարունակում՝ ամինաթթուներ»։

«Խանութներում վաճառվող հացերի մեջ ինչպե՞ս տարբերել բնականը քիմիականից» hra.am լրագրողի հարցին Սելինյանը պատասխանեց։ «Այսօր մեր շուկայում բնական հաց գրեթե չեն վաճառում։ Լավաշաթխությունը, նույնպես խայտառակ վիճակում է, որովհետեւ առանց խմորիչի են թխում, իսկ դա լրիվ օսլա է, այսինքն՝ եփած օսլա ենք ուտում»։

Այնուամենայնիվ, նա նշում է բնական եւ բարելավիչներ պարունակող հացերի մի քանի տարբերություն. «Եթե շատ ուռած, թեթեւ հաց է, միանշանակ քիմիա է։ Այսպես կոչված, մոխրագույն հացը, եթե երկրորդ կարգի ալյուրով է պատրաստվում, գորշ գույն չի ունենում։ Ես իմ աչքով եմ տեսել, ինչպես են սպիտակ ալյուրով պատրաստում եւ արհեստական գույն են ավելացնում, որ մոխրագույն լինի»։

Իսկ շուկայում վաճառվող «ռժանոյ» եւ «բորոդինսկի» հացերը նա խորհուրդ է տալիս ընդհանրապես չգնել, որովհետեւ դրանք իրականում պատրաստվում են աշորայից, իսկ աշորա մեզ մոտ չկա։

Հ.Գ. Հարկ ենք համարում նշել, որ հաց արտադրող ընկերությունների մեծամասնությունը իր արտադրանքը սպառողին է հրամցնում առանց փաթեթավորման եւ մակնշման, ինչը սպառողների իրավունքների խախտում է։ Փաստորեն, գնողը հնարավորություն չի ունենում ընտրելու՝ ի՞նչ հաց գնել՝ բնական հումքից պատրաստված, թե՞ քիմիական հավելանյութեր պարունակող։

Սա վերաբերում է ոչ միայն հացաբուլկեղենին, այլեւ սննդամթերքին առհասարակ։

Հարկ ենք համարում հիշեցնել մեր ընթերցողներին, որ որոշ մասնագետներ սննդային հավելանյութերը վնասակար են օրգանիզմի համար։ Դրանք կարող են առաջացնել ալերգիաներ, աղիստամոքսային հիվանդություններ եւ անգամ չարորակ ուռուցքներ:
Հայաստանում սննդի արտադրության մեջ արգելված սննդային հավելումների ցանկը սահմանել է Կառավարությունը 26.04.2007թ N 504-Ն որոշմամբ։ Դրանք են՝  E 121 եւ E 123 ներկանյութերը (կարմիր), E 216, 217 եւ 240 պահածոյացնող նյութերը (բենզոատներ), E 924a եւ E 924b որակը լավացնող նյութերը (ալյուրի եւ հացի բարելավիչ):

«Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, չի արգելում հավելանյութերի օգտագործումը սննդի արտադրության մեջ (բացառությամբ վերը նշված 7 հավելանյութերի), միայն նշվում է, որ «վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային հավելումները եւ սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով եւ (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները»:

Մերի Ալեքսանյան

Աղբյուր' www.hra.am