Քրեական գործ ծեծի և բռնության առիթով

Դեկտեմբերի 27-ին Վարդանանց փողոցում պատգամավորության նախկին թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի  նախընտրական քարոզարշավն իրականացնող երիտասարդների վրա հարձակման և ծեծի առիթով այժմ մեղադրվում է միայն Դավիթ Սիմոնյանը։

Նա մեղադրվում է ծեծով և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրել նաև  Վահան Նադալյանին, սակայն լրացուցիչ հարցաքննությունից հետո մեղադրանքը հանվել է, և քրեական հետապնդումը նրա նկատմամաբ դադարեցվել։

Պաշտպանական կողմի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդությամբ դիմել է՝ լրացուցիչ քննություն անցկացնելու  առաջարկով։ Նրա կարծիքով, եղել են երկուսի դեմ մեղադրանքը ծանրացնելու և այլ մասնակիցների՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը, սակայն արդյունքում  նախաքննական մարմինն արել է հակառակը։

«Փոխանակ ավել փորձաքննություն կատարելու, նրանք  իրենց գործունեությունը ծառայեցնում են հակառակ գործողությունների համար»,- ասում է փաստաբանը։

Դեկտեմբերի 27-ից հետո Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբն արձագանքել էր, որ 30 երիտասարդներ այդ օրը մետաղյա ձողերով հարձակվել էին իրենց  ակտիվիստների վրա, ինչի հետևանքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըդդիմադիրները համոզված են,որ Դավիթ Սիմոնյանը գլխավորել է հարվածողների խումբը

Երկու երիտասարդների նկատմամաբ որպես խափանման միջոց  ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ սահմանված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը  150-ապատիկի չափով կամ կալանքը՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։