ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության տեղեկանքը դատարանում
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության այսօրվա նիստում շարունակվեց 2007թ. Հոկտեմբերի 23–ին Կորյուն–Աբովյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վկա ոստիկանների հարցաքննությունը։ Այս դրվագով Փաշինյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դատարան հրավիրված 19 վկաների ճնշող մեծամասնությունը ոստիկաններ են։ Այսօր հարցաքննվող վկան ոստիկանության հերթական աշխատակիցը՝ դասակի հրամանատար Արթուր Մադաթյանն էր, ով պատմեց, որ ինքն այդ օրվա երթին հետևել է սկսած օպերայի տարածքից և տեսել է, թե ինչպես են երթի մասնակիցները իրավախախտումներ թույլ տալիս։ Վկան հստակ չգիտեր, թե որն է իրավախախտումը՝ ոստիկանների հասցեին կոչեր հնչեցնելը, թե փողոցի երթևեկելի մասով երթի մասնակիցների քայլելը։ Իսկ թե ինչու չի կատարել իր պարտականությունները և մարդկանց վարչական պատասխանատվության չի ենթարկել, ոստիկանը պատասխան չուներ։ Նրա խոսքով «Փաշինյանը հանկարծ անջատվել էր խմբից և մոտենալով տուժող ճանաչված Վազգեն Դաբաղյանին ոտքով հարվածել» նրան։։ Սակայն պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս վկան չկարողացավ փաստացի ներկայացնել իր տեսածը։ Վկային ժամանակ առ ժամանակ օգնության էր հասնում մեղադրող Կորյուն Փիլոյանը՝ հուշող առարկություններ ներկայացնելով դատարանին, սակայն միշտ չէ, որ մեղադրող կողմին հաջողվում էր հուշարարի դերն իրականացնել։ Օրինակ, վկա ոստիկանը չգիտեր, որ գազի բալոնչիկը հատուկ միջոց է։ Փաստաբանները երկու անգամ կրկնեցին իրենց հարցը, երկու անգամ էլ պատասխանը «ոչ»–ն էր։
Վկայի հարցաքննությունից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտպանները երկու միջնորդություն ներկայացրեցին դատարանին կապված Իջևանի ոստիկանության բաժանմունքի կողմից տրված հայտնի փաստաթղթի հետ, որով մերժվել է վերջին 5 տարիներին Փաշինյանի Հայաստանում մշտական բնակության հարցը։ Ըստ հիշյալ փաստաթղթի Նիկոլ Փաշինյանը « 26.02.2008թ. մինչև 07.07.2009թ. գտնվել է հետախուզման մեջ և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»։ Եթե համաձայն պետական մարմինների Նիկոլ Փաշինյանը չի գտնվել Հայաստանում 2008թ. փետրվարի 26-ից, ապա այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
«Ինչպես չբնակվելով Հայաստանում Փաշինյանը հայտնվեց Մյասնիկյան արձանի մոտ....», մեղադրանքից դրվագներ նշելով դատարանին հարցերի մի ամբողջ շարք ուղղեց փաստաբան Լուսինե Սահակյանը։ Գրությունից ստացվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը մինչև այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետևաբար հայտնի չէ նաև, թե ով է նստած ամբաստանյալի աթոռին։ Ըստ այդմ Փաստաբանները պահանջում էին անհապաղ ազատ արձակել Փաշինյանին դատարանի դահլիճից։
«Որպես գործով չպարզված անձ» Նիկոլ Փաշինյանը դատարանին հիշեցրեց, որ դատարանում որոշումներն ընդունվում ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո։ Նա դատավորին կոչ արեց արդար որոշում ընդունել և «դատավարություն կոչվող այս ծաղրուծանակը չխորացնել»։ Սակայն դատարանը մերժեց միջնորդություններից առաջինը՝ պատճատռաբանելով, թե դատաքննությունն ընթացքի մեջ է, ապացույցների հետազոտությունը շարունակվում է և համապատասխան եզրակացությունը կտրվի։ Ինչ վերաբերում է միջնորդության երկրորդ մասին՝ դատարանն այն թողեց առանց քննության։ Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ
Ի դեպ,Փաշինյանի փաստաբանները երեկ ոստիկանության դեմ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Ըստ հայցադիմումի բերված ապացույցների, ՀՀ ոստիկանության կողմից Նիկոլկ Փաշինշանին վերջին հինգ տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկանք չտրամադրելը ակնհայտ ապօրինություն է։ Հայցվորը պահանջել է վերացնել Իջևանի անձնագրային բաժանմունքի պետի ստորագրությամբ տրված հայտնի գրությունը և նույն մարմնին պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին տրամադրել թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ բնակության տեղեկանքը։ Ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ հայցերի քննարկումը վարչական դատարանը պարտավոր է սկսել հնգօրյա ժամկետում։
Նիկոլ Փաշինյանի ընթացող դատավարության հետ միաժամանակ դատարանի բակում բողոքի ակցիա էին իրականացնում մարտի –1–ին զոհվածների հարազատները։ Նրանք իրենց ձեռքներին ունեին իրենց որդիների լուսանկարները։ Բողոքի այս ակցիային մասնակցում էին բոլոր՝ 10 զոհերի հարազատները։ Բացի լուսանկարներից հավաքվածներն ունեին նաև մեծադիր պաստառներ. «Ո՞ւր են մարտի 1–ի ոստիկանները», «Դատեք ոչ թե հերոսներին, այլ մարդասպաններին », «Մեր երեխաներին սպանողները իշխանությունն է»։ Ոստիկանական ուժերը, որոնք երեք անգամ ավելին էին քան հավաքվածները, փորձում էին խլել պաստառները։ Հատկապես, «Մեր երեխաներին սպանողները իշխանությունն է» պաստառը հունից հանել էր ոստիկաններին։ «Իշխանությունները չեն սպանել» բղավելով ոստիկանները ստիպում էին մարդկանց իջեցնել բարձրացված ցուցապաստառները։ Ոստիկանների և հավաքվածների միջև հավանական բախումը կանխվեց ընդդիմության ներկայացուցիչների շնորհիվ։
