ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայկական արդարադատությունը` Եվրոպայում
Panorama.am կայքը անց է կացրել լրագրողական հետաքննություն Լեւոն Գուլյանի գործի կապակցությամբ։
«Դատարանն ասել է, որ որոշակի թերություններ կան գործի հետ կապված ու պետք է վերսկսել քննությունը, իսկ արդեն ինն ամիս է, ինչ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը ժամանակ է սպանում: Ըստ դատարանի, եղել են բովանդակային հարցեր, որոնք իրենց լուծումները չեն ստացել: Դատարանը նաև նշել է, որ մի շարք ոստիկանական աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական չի տրվել»,- ասաց փաստաբանն ու կրկին ընդգծեց, որ նախաքննությունն ի սկզբանե իր առջև խնդիր է դրել ոչ թե բացահայտելու կատարվածը և պարզելու մեղավորներին, այլ կատարել է ու շարունակում է կատարել ձևական քննություն:
Իսկ թե հատուկ քննչական ծառայությունն ինչու է նման գործելաոճ` չբացահայտելու, որդեգրել, Հ. Ղուկասյանին էլ հայտնի չէ, այլապես, ինչպես նշեց նա, ավելի հեշտ կլիներ բացահայտումը. «Ուղղակի կարող եմ ասել, որ ցանկություն չկա ի հայտ բերելու կոնկրետ մարդկանց: Շատ բան էլ չկա անելու: Եթե նայում եք գործը, ամեն բան շատ պարզ երևում է. բովանդակային բան չկա: Մինչև հիմա չունենք մեղադրյալ, իսկ այն հոդվածը, որով հարուցվել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնել, ենթադրում էր, որ ինչ-որ մեկը պետք է լիներ: Սակայն որևիցե քայլ արված չէ և նշույլ էլ չկա, որ ինչ-որ մեկին կանչեն որպես մեղադրյալ, քննեն ու ասեն, ոչ` սա մեղավոր չէ»:
Ինչ վերաբերում է վկաներին, ապա նա նկատեց, որ նրանք ճիշտ պատասխաններ չեն տալիս, իսկ քննությունը վարող քննիչն էլ շահագրգռված չէ նրանց ըստ պատշաճի քննել: Այսինքն, ինչ է ստացվում` չկա մեղավոր անձ, չկա հանցագործություն, կատարվածը դժբախտ պատահար է. «Փորձել է փախչել պատուհանից. թռչել է գազի խողովակի վրա, այնտեղից էլ ներքև, սակայն ոտքը փաթաթվել է լարերին ու վայր է ընկել: Այս ամենը քննիչի ենթադրությունն է: Մարդու մահը փորձում են արդարացնել մի քանի ենթադրություններով: Սակայն նրանց ներկայացրած այդ վարկածը ֆանտաստիկա է»:
Ըստ Հ. Ղուկասյանի, իրենք բաց նամակ են ուղղել Հայաստանի նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին: «Անկեղծ ասած, առանձնապես հույսեր չենք էլ փայփայում այս նախաքննության հետ: Այս անգամ էլ գործը կկարճեն: Այս ամենից հետո մեր պետական ատյաններում արդարադատություն փնտրելն արդեն անիմաստ ենք համարում: Դա պետք է փնտրենք դրսում` օրինակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այստեղ չեն կարողանում` այսինքն չեն ցանկանում տալ այն հարցի պատասխանները, թե ինչու է մահացել Լևոն Գուլյանը, ովքեր են մեղավոր: Միգուցե այդ ատյանն էլ չի տա պատասխան, թե ով է մեղավոր, բայց կփաստի, որ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ որոշ մարմիններ իրենց պարտականությունները չեն կատարել` գործը բազմակողմանի, արդյունավետ չեն քննել ու առանց ապացույցների` եզրակացություն են կայացրել»,- ասաց փաստաբանը:
Այն հարցին, թե սպանությունից արդեն անցել է 2 տարի ու ի՞նչ նոր փաստեր են վեր հանվել, Լևոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը նշեց, որ, թեև նախաքննչական մարմնի կողմից շրջանառվող միակ վարկածը` դժբախտ պատահարն է, սակայն, ըստ նրա, կոնկրետ անձիք են խառնված այդ գործին:
Ինչպես է պատահել դեպքն ըստ քննիչի և ինչպես է պատահել ըստ փաստաբանի.
Այսպես: Ըստ քննիչի վարկածի, Լևոն Գուլյանը փորձել է փախչել 7 մետր բարձրությունից` 140 սմ բարձրություն, 45 սմ լայնք ունեցող պատուհանից: Ցատկելու ընթացքում մոտ 2 մետրից վայր ընկնելով` մեջքով դիպչել է գազի խողովակին, ոտքը խճճվել է լարերին, իսկ այնտեղից էլ գետնին` մոտ 2,5 մետր հեռավորության վրա: Այսինքն, ըստ, փաստաբանի, ստացվում է, որ ցատկելու ժամանակ իր առանցքի շուրջ 180 աստիճան պտտվել է ու մեջքով հարվածել խողովակին, որը առաձգական է եղել և կարողացել է դիպչողին բավականին հեռու շպրտել:
Ըստ Հրայր Ղազարյանի, հնարավոր չէ այդ պատուհանից ցատկել, քանի որ այն բավականին նեղ ու կարճ է, իսկ Լ. Գուլյանը բավականին մարմնեղ լինելով, ցատկելու դեպքում պետք է ծալվեր ու կողքի թռչեր, իսկ այդ դեպքում լրիվ այլ տեղում պետք է հայտնվեր նրա մարմինը:
Լ. Գուլյանի իրավահաջորդները դեպքը հակված են դիտել դինամիկայի մեջ` մայիսի 9-ի լույս 10-ի գիշերվանից մինչև 12-ի ցերեկը` այսինքն Ստեփան Վարդանյանի սպանության օրից մինչև Գուլյանի մահը: Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ավելի քան 16 ժամ նա անցկացրել է ոստիկանությունում, այնուհետև տուն է գնացել: Մայիսի 11-ին կրկին կանչել են, գիշերն էլ է մնացել ոստիկանական բաժանմունքում, մայիսի 12-ի առավոտյան տուն են թողել` մի քանի ժամից վերադառնալու պահանջով: Վերադառնալով Շենգավիթի ոստիկանություն, նրան մեքենայով տարել են քննչական գլխավոր վարչության, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Ըստ փաստաբանի, երբ նա մայիսի 12-ի առավոտյան վերադարձել է տուն, նրա կոշիկների քուղերը բացակայել են: Կինը հարցրել է` ո՞ւր են, իսկ նա պատասխանել է. «Այնտեղ են հանել, հիմա գրպանումս է»: «Իսկ ինչո՞ւ հիմա չես դնում»: «Որ գնամ, մեկ է, էլի են հանելու»: Փաստաբանի խոսքով, միայն ժամանակավոր անազատության մեջ պահված անձանցից են վերցնում կտրող, ծակող գործիքներ, քուղերը, ժամացույցը, որպեսզի բացառվեն նրանց կողմից այլ գործողություները: Այս փաստի վրա, սակայն, նախաքննչական մարմինը ուշադրություն չի դարձնում` ինչու՞ պետք է նրա կոշիկների քուղերը հանեին, երբ ասում են, որ ազատ էր և ցանկացած պահի կարող էր հեռանալ ոստիկանությունից: Մահանալուց հետո նրա կոշիկների քուղերը գտել են նրա գրպանում:
Մեկ այլ հանգամանք, որ նախաքննությանը վարող մարմինը չի ցանկանում ուշադրություն դարձնել և իրականացնել, ինչը դատարանի դիտողություններից է նաև, մանեկենի միջոցով հստակեցնել վայր ընկած տեղը: Փորձաքննություն չիրականացնելը պատճառաբանվել էր նրանով, որ համապատասխան մանեկեն չեն կարողացել ձեռք բերել: Փաստաբանները պարզել են, որ ՌԴ-ի փորձարարական կենտրոնում կարող են պատվիրել համապատասխան մանեկեն, սակայն քննիչը չի ցանկացել այն պատվիրել:
«Այդ պատուհանից հնարավոր չէր ցատկել, հնարավոր չէր հրել ոչ մեկի: Ես ունեմ վարկած, որի նվազագույն հիմքերն ունեմ հիմնավորելու: Անկում այդ պատուհանից չի եղել: Հնարավոր է փախչել, քանի որ պատուհանի ներքևում կա փոքրիկ տանիք և այնտեղից դուրս գալ բակ, բայց բակն էլ է փակ: Բայց այդ պատուհանից ընկնել այնպես, ինչպես նա` հնարավոր չէ: Մյուս մասնաշենքից ավելի հավանական էր, որ ընկներ այդ տեղ: Հասկանում է նրանց առաջադրած տեսակետին, դրա համար մանեկեն չեն ցանկանում օգտագործել: Իմ վարկածով ոչ թե ամեն ինչ վերջացել է այդ սենյակում, այլ սկսվել է. հնարավոր է, որ նա ցանկացել է փախչել այդ պատուհանից, սակայն կանխել են ու տարել այլ սենյակ: Ամեն ինչ կատարվել է հենց այդ սենյակում: Սակայն, քանի որ նախորդ սենյակի պատուհանին մնացած է եղել նրա երկու մատների հետքերը, ինչ-որ մեկը գլխի է ընկելու ու առաջարկել է այդ պատուհանի մոտ տանել: Հնարավոր է չէ՞` մարդուն հասցնեն ինքնասպանության»,- ասաց նա: Ի դեպ, նա ավելացրեց, որ պատուհանին եղել է նաև ափի հետքեր, սակայն չի իդենտիֆիկացվել` թե ումն է: Նմուշներ են վերցրել այն անձից, ում որ պատկանում է այդ սենյակը, վերցրել են նրա տեղակալից, սենյակը մաքրողից, պարզվել է, որ նրանցը չէ. «Քննիչը չի ցանկանում այլ մարդկանց մատնահետքեր վերցնել: Ասում է` վարչությունում 30-40 աշխատող կա, հո բոլորից չենք վերցնելու մատնահետքեր»:
Հ. Ղուկասյանը նաև նշեց, որ նախաքննությունը վարող մարմինն ուշադրություն չի դարձնում նաև Գուլյանի մարմնի, աչքերի տակ եղած կապտուկներին, վնասվածքներին. «Լուրջ է նաև վնասվածների բնույթը: Եղել են խոշոր վնասվածքները, որոնք հատուկ են ընկնելու, բայց դիակի վրա եղել են բազմաթիվ մանր վնասվածքներ, որոնք, միջազգային փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ եղել են միևչ անկումը`այսինքն հարվածի հետևանք: Բացի այդ, անկումը եղել էր ձախ կողմի վրա, իսկ բազմաթիվ վնասվածքներ` աջ կողմի վրա էին»: Նա ավելացրեց, որ նրանց վարկածի համաձայն, եթե նա ընկել է գազի խողովակի վրա, որը դեղին գույնի է եղել, ապա նրա եղունգների տակ կամ ձեռքերին գոնե պետք է դեղին ներկի հետքեր լինեն: Չկան:
«Այս ամենն իրենք իմանալով, բայց ուշադրություն չդարձնելով, քննությունը շարունակում են դժբախտ պատահարի վարկածով:
Մենք ասում ենք` ցույց տվեք այն ապացույցները, որոնք հիմնավորում են դժբախտ պատահարի վարկածը: Եթե չեն կարողանում դա ապացուցել, թող այլ վարկածներ առաջ քաշեն: Մենք երբևիցե մտադրություն չունենք ապացուցել, որ տեղի է ունեցել սպանություն, քանի որ նախ` չունենք բավական միջոցներ, բացի այդ քննիչ չենք, որ ապացույցներ գտնենք: Բայց չկա գեթ մեկ ականատես, որ ասի` տեսել եմ` մահը փախուստի արդյունք է եղել»,- ասաց փաստաբանը:
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ Ստեփան Վարդանյանի սպանողին արդեն պարզել են, սակայն այս պահին նա փախուստի մեջ է:
