Երկու հայտարարություն Գագիկ Ջհանգիրյանից

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում բանտարկված Գագիկ Ջահանգիրյանը հանդես է եկել երկու հայտարարությամբ, որոնցից առաջինն ուղղված է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ջահանգիրյանի գործով դատավոր Ժորա Վարդանյանին, իսկ մյուսը` մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանին:

«Արդեն որերորդ անգամ, ճիշտն ասած հաշիվը կորցրել եմ, Դուք, պարոն դատավոր, կոպտորեն խախտում եք չկատարած հանցանքի մեջ հանիրավի ամբաստանվողիս քրեադատավարական ու սահմանադրական իրավունքները, անտեսում ու մերժում եք իմ ու իմ պաշտպանների գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շահերից բխող բոլոր միջնորդությունները, առանց որևէ լուրջ պատճառաբանության ու հիմնավորման:

Դուք այդպես էլ չանսացիք, դեռևս առաջին նիստերում, Ձեզ ուղղված իմ դիմումներին ու պահանջներին` լինել անաչառ ու անկողմանակալ, գործի ելքով չշահագրգռված օբյեկտիվ արբիտրի դեր ստանձնել մեղադրանքի ու պաշտպանության կողմերի միջև: Ձեզանից ակնկալվում էր, Ձեր իսկ երդմամբ, դատավորի պատմուճանը կամավոր ստանձնած պաշտոնյայի անմիջական պարտականությունների պատշաճ կատարում և ոչ ավելին:

Եվ քանի որ Դուք չքողարկվող հեգնանքով եք վերաբերվում ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի դրույթների ու նաև Եվրոպական դատարանի նախադեպային վճիռների, իմ ու իմ պաշտպանների ցանկացած հիշատակմանն ու վկայակոչմանը, իսկ գործող քրեադատավարական օրենսդրության դրույթները, ուղղակի չտեսնելու եք տալիս կամ լավագույն դեպքում մեկնաբանում ըստ նպատակահարմարության, պարտադրված եմ ևս մեկ անգամ Ձեզ հիշեցնել մեր հիմնական օրենքի ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթները, թաքուն հույս փայփայելով, թե այս անգամ գուցե ականջալուր կլինեք եթե ոչ Ջհանգիրյանի, ապա ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Մեր հիմնական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է` յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք (խնդրին չվերաբերվող մասերը չեմ վկայակոչել):

Մինչդեռ այս դատավարությունում, մենք առավել շատ պայքարում ենք ոչ այնքան մեղադրանքի կողմի, որքան մեր համար Սահմանադրությամբ երաշխավորված «անաչառ ու անկողմնակալ» դատարանի դեմ:

Պարոն Վարդանյան, Դուք մոռացել եք, որ առնվազն քրեական դատական վարույթը, լիարժեք մրցակցային է և Դուք, որպես ՀՀ երրորդ Հանրապետության դատարան, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վեր եք դասված կողմերի դատավարական շահերից ու խնդիրներից: Ձեր իմացած մեղադրական ինկվիզիցիոն դատարանն ու դատավարությունը անփառունակ Վիշինսկու ու Մուղդուսու հետ վաղուց մոռացության գիրկն են անցել:

Ուստի, գուցե վերջին դիմումն եմ անում Ձեզ, ևս մի ճիգ գործադրեք, ևս մի փորձ ձեռնարկեք, Ձեր մեջ համարձակություն ու ուժ գտեք, ի վերջո, սահմանազատվեք մեղադրանքի կողմից: Նման դատավարությամբ հերթական անգամ մի թաղեք հայկական արդարադատությունը: Ձեր` դատավորի, ՀՀ քաղաքացու, ծնողի ու պապիկի պատիվն ու արժանապատվությունը մի փոխարինեք ապահով ծերության սին պատրանքներով: Շնորհակալություն»:

Երկրորդ հայտարարություն

«Զարմացած ու նաև զայրացած մնացի ծանոթանալով 7-ի գործը դատարան ուղարկելու հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իմ կոլեգա-ընկերոջ` Արմեն Հարությունյանի տրված գնահատականներին ու հնչեցրած մեկնաբանություններին:

Ավարտված ու դեռևս ընթացող հարյուրից ավելի խայտառակ դատավարությունները, դրանց ընթացքում բացահայտված ու թույլ տրված հազարավոր ապօրինություններն ու օրինազանցությունները, կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, մեղադրանքի արհեստական ապացույցների ստեղծումը, մոտ տասը տասնյակ անձանց բացահայտ ապօրինի ու անհիմն ազատությունից զրկելու հանրահայտ փաստերը, մեղադրյալների ու նրանց շահերի պաշտպանների դատավարական ամենատարրական իրավունքների համատարած ոտնահարումներն ու խախտումները, անմեղ մարդկանց` ավելին, ոստիկանության ու կրիմինալ կառույցների կողմից հանցագործությամբ ֆիզիկական, բարոյական ու գույքային վնաս կրած 100-ից ավելի ՀՀ քաղաքացիների ակնհայտ ապօրինի ու անհիմն դատապարտումները, այդ դատավճիռների վերաքննիչ ու վճռաբեկ անարդյունք բողոքարկումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող տնտեսվարողների դեմ սանձազերծված մաքսային ու հարկային տեռռորը, նրանց ունեցվածքի ու բիզնեսի ապօրինի յուրացումները, տասնյակ հազարավոր ՀՀ շարքային քաղաքացիների Սահմանադրական հիմնարար իրավունքների ու ազատությունների մասսայական արձանագրված ոտնահարումներն ու խախտումները, կարծես բավարար չեն, մարդու իրավունքների մեր պաշտպանի համար, որ նա հետևության հանգի, թե Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների շեմին ու մարտի 1-ի սպանդից հետո երկրում չկա իրավապահ ու արդարադատության համակարգ, այլ ժողովրդի իշխանությունը բռնազավթած ռեժիմի անողնաշար կամակատարների մի հավաքածու, որի ամեն գործողություն, որոշում, թելադրված է զավթած իշխանությունը պահելու, քաղաքական վրեժխնդրության ու հաշվեհարդարի ստոր բնազդներով:

Ու հիմա մարդու իրավունքների մեր պաշտպանը, ի պաշտոնե պարտավոր լինելով եվրոպացի Համմարբերգից, ամերիկացի Բրայզայից շատ ու շատ առաջ իր ձայնը բարձրացնել ու իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, բոլորին մինչև վերջին անձը արդարացնել ներպետական դատական համակարգում (Եվրոպայում վերջնականապես չխայտառակվելու հեռանկարից խուսափելու համար), դադարեցնել ընդդիմադիր հայացքներ դավանող քաղքացիների համատարած հալածանքներն ու հետապնդումները, ասում է, որ ոչինչ, որ Արցախի ու Հայաստանի ազատության ու անկախության զոհասեղանին իրենց կյանքն ու առողջությունը դրած, 7-ի գործով շինծու մեղադրանքներով ամբաստանվող իմ պատանդ ընկերները արդեն 9-ը ամիս է ԿԳԲ-ի նկուղում են, թող էլի համբերեն մինչև մեղադրանքի ու պաշտպանության կողմերը իրենց հիմնավորումները կներկայացնեն դատարանին, ինքն ու իր գրասենյակն էլ հսկողություն կիրականացնի, մոնիտորինգ կանի և հետո նոր միայն, (լավագույն դեպքում 1 տարի, 1,5 տարի անց), իրենց վերջնական եզրակացությունը կներկայացնեն:

Սիրելի Արմեն, եթե տարին մեկ-երկու անգամ Հայաստան այցելած օտարերկրյա պաշտոնյաների համար ակնհայտ է, որ մարտի 1-ի գործերով հայաստանյան իրավապահ մարմիններն ու դատարանները քաղաքական վենդետտա են իրականացնում, ինչի մասին նրանք բացահայտ, հրապարակավ արդեն հայտարարում են (միջազգային հարաբերություններում չտեսնված ու չլսված ձևակերպում) քեզ համար որպես այդ իրադարձությունների ականատես ու մասնակից, իրավաբան մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք խմբի անդամ, ի±նչ որ չպարզված ու անհասկանալի հանգամանքներ են մնացել, կամ էտ ինչ հույսեր ես կապում մեր, վերջնականապես ու լիովին գործադրի կատարածուն դարձած դատարանի հետ, որ նման քնաբեր հայտարարություն ես անում:

Կարծում եմ, սա այն դեպքն ու առիթը չէ, որ մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան ու իրավագետ, իմ կոլլեգա, ընկեր` Արմեն Հարությունյանը իր հայտարարություններով պետք է հավասարակշռի, «բալանսավորի» իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները:

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չփշրել ժողովրդի մեջ, հանդեպ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ձևավորված ընդհանուր առմամբ դրական, բայց դեռ շատ փխրուն վերաբերմունքն ու կարծիքը:

Ամեն ոք ինքն է ընտրում իր ճանապարհը»:

Առաջին` Ժորա Վարդանյանին ուղղած հայտարարությունը Գագիկ Ջահանգիրյանը ստորագրել է «Քաղաքական պատանդ Գագիկ Ջահանգիրյան» ձեւով, իսկ Արմեն Հարությունյանին ուղղած հայտարարության մեջ պարզապես «հարգանքով` Գագիկ Ջահանգիրյան»։