ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ապագան բաց է» կազմակերպությունը հայտարարում է
Հայաստանում արդեն երեք տարի գործում է «Ապագան Բաց է» (Future is Open) կրթական հասարակական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է 2005թ.-ի հոկտեմբերի 26-ին: Մի խումբ երիտասարդներ, տեսնելով Հայաստանում մի շարք հաստատությունների երեխաների կրթական մակարդակի պակասը, որոշեցին ստեղծել կրթական հասարակական կազմակերպություն` աջակցելու կարիքի մեջ գտնվող երեխաներին: Կազմակերպության ղեկավար Սամվել Մովսիսյանը նամակով դիմում է հասարակությանը՝ առաջարկելով ավելի խորը մտածել մի խնդրի շուրջ, որի մասին շատ քիչ են խոսում, սակայն իրականում այն կարևորագույններից մեկն է հանդիսանում, որովհետև առողջ հասարակությունում ավելորդ մարդիկ չեն լինում։
«Անգամ ծանր խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունները սովորաբար ներկայացվում են գրեթե վիճակագրական հաշվետվության նման՝ այսքան անձինք այնքան միջոցներով օգնում են կարիքավոր ինչ-որ խմբերի...
Ինձ համար այս ամենը անձնական է:
Երբ սովորում էի երկրորդ կուրսում, մի փոքրիկ խմբով որոշեցինք որևէ մանկատուն այցելել և մեր հնարավորությունների սահմաններում նրանց քաղցրավենիք ու նվերներ տանել: Երեխաները այնպես էին ոգևորվել, որ նույնիսկ հանպատրաստից հանդես կազմակերպեցին մեզ համար... Տեսնել էր պետք միայն, թե ինչպես էին ելույթ ունենում բառերը նոր-նոր իրար շաղկապող փոքրիկները, ինչպես էին հուզվում նրանցից տարիքով ավագները... Ինչպես էին ուզում հաղորդակցվել մեզ հետ... Ու պատճառը բնավ էլ մեր տարած համեստ նվերների մեջ չէր. նրանք կարոտ էին մարդկային շփման իրենց ավագ քրոջ կամ եղբոր տարիքի երիտասարդների հետ (նրանց դայակների մեծ մասը ծնողների տարիքից էլ բարձր են), երեխաները ձգտում էին ուղղակի ջերմ ու պարզ զրույցի, ուզում էին կիսվել իրենց երազանքներով ու խնդիրներով... Ցավոք իմ բառերն անզոր են փոխանցելու այդ պահերի կախարդական հմայքն ու... անտանելի ցավը, երբ բաժանվելիս քեզ ընդամենը մեկ ժամ ճանաչող երեխան խնդրում է՝ «ապեր, տար ինձ ձեր տուն»...
Նույնիսկ լավագույն մանկատունը ի վիճակի չէ տալ այն ընտանեկան ջերմությունը, ծնողական սերն ու հոգածությունը, որոնց կարիքը ունեն այդ երեխաները: Մենք նույնպես: Բայց երբ հերթական փոքրիկից լսեցի, որ ուզում է դառնալ բանվոր կամ արհեստավոր, իսկ իբրև երազանքների գագաթնակետ՝ մանկատան տնօրեն, հասկացա, որ մեր նվերներն անիմաստ էին ու նույնիսկ աղետաբեր. նրանց անհատականության ձևավորման ամենակարևոր փուլում մենք՝ իբրև հասարակություն, այդ երեխաներին մուրացկանի մտածելակերպ ենք ներարկում: Նրանք ստիպված ենք ողորմության վրա հույս դնել, ամենահասարակ պրակտիկ գիտելիքներ չունեն (կան երեխաներ, որոնք երբևէ մանկատան դարպասներից դուրս չեն եկել), լավագույն դեպքում ստանդարտ դպրոցական կրթություն են ձեռք բերում (պատկերացնու՞մ եք երեխաներ, որոնք երբևէ գիրք չեն կարդացել): Ավելորդ է խոսելն անգամ ճիշտ արժեհամակարգի մասին, երբ երեխան չի տեսել անշահախնդիր բարություն ու հոգածություն... ապագա զինվորը չգիտի հայրենասիրության, իսկ ապագա մայրը՝ մայրության մասին... ի՞նչ կարելի է ասել նրանց ապագա ձեռքբերումների հնարավորությունների մասին, երբ արվեստագետ դառնալ երազող երեխան դատապարտված է լավագույն դեպքում ուսումնարան ընդունվելու և կոշկակար դառնալու...
Վստահ եմ, որ ընթերցողների գերակշռող մեծամասնությունը ընտանիք ունի, մի փոքր ավելի քիչ թվով, բայց նույնպես մեծամասնությունը եթե ոչ խրախուսվել, ապա գոնե հնարավորություն ստացել է բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու: Իսկ այնտեղ կան երեխաներ, որոնց մայրը աղբանոց է շպրտել, երիտասարդներ, որոնց ոչ ոք հնարավորություն չի տալիս տարրական ինքնագիտակցության մակարդակի հասնելու, հասունության շեմը նոր թևակոխած անպատրաստ չափահասներ, որոնք պարզապես մի փոքրիկ բնակարան են նվեր ստանում և լրիվ միայնակ մնում՝ դառնալու մուրացկան, հանցագործ, կամ էլ որևէ ցածրորակ աշխատանքով կիսաքաղց գոյություն պահպանելու...
Բայց նրանք հանցագործներ չեն՝ նման ձևով պատժվելու համար. նրանք մեր կրտսեր եղբայրներն ու քույրերն են, որոնք այդպես էլ չեն ստանում լիարժեք ապրելու՝ մեզ տրված շանսը:
Իսկ մենք կարող ենք օգնել նրանց. պետք չեն ոչ ամպագոռգոռ բառեր, ոչ էլ ահռելի ֆինանսական միջոցներ. բավարար է շաբաթական ընդամենը մեկ ժամ մեր անձնական հաճույքների փոխարեն տրամադրել նրանց կրթական մակարդակի բարելավմանը և մարդկային ջերմություն ու ավագ ընկերոջ խորհուրդներ տալուն: Մի՞թե դա անհնարին է ձեզ համար»։
